top of page

Շիրակում ուրարտական տաճար է հայտնաբերվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 27, 2024
  • 1 min read

Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի հարևանությամբ գտնվող մի բլրի վրա Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբը մոնումենտալ, քառանկյուն, տուֆաշեն շինություն է հայտնաբերել։ Հնագիտական նախնական վարկածով՝ շինությունը ուրարտական ժամանակների «Սուսի» տեսակի տաճար է։

Շիրակում ուրարտական տաճար է հայտնաբերվել


Ախուրյան և Հողմիկ գետերի միախառնման հատվածում գտնվող կոնաձև այս բլուրը բնակեցվել է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից։ Բլուրի հյուսիսային և արևմտյան լանջերը բնակեցված են եղել նաև ուշ բրոնզի դարում (15-13-րդ դարեր), սակայն ամրոցի կենսագործունեության հիմնական, զարգացած փուլը վերաբերվում է երկաթի դարին (12-9-րդ դարեր)։


Ջրաձորի ամրոցի հետազոտության աշխատանքներն սկսվել են դեռևս 2016 թ-ից: 2021-2022 թթ․ աշխատանքների ընթացքում պարզվել էին Ջրաձորի բնակեցման փուլերը, ուրվագծվել ամրոցի երկաթեդարյան փուլի պատմությունը։


2023 թվականին պեղվել է ամրոցի արևմտյան դարավանդի պարսպապատը։

Շիրակում ուրարտական տաճար է հայտնաբերվել


2024 թվականին ՇՀՀԿ արշավախումբը (ղեկ․՝ Բ․ Վարդանյան, հնագետ՝ Լ․ Մկրտչյան) պեղումները կենտրոնացրել են ամրոցակիր բլրի գագաթային հատվածում։ Գագաթը եզրագծված է պարսպաշարով, որն ունի մուտք։ Պարսպի վրա նկատելի են հետագա միջամտությունների հետքեր, որմնահեծեր, կիսաբոլորաձև աշտարակի հիմքեր և Հետազոտությամբ պարզվեց, որ բլրի ժայռոտ գագաթին կառուցված է հատակագծում քառակուսի, երկերես և միջնալիցք շարվածքով պատով մի շինություն, որի մուտքը հարավից է։ Շինության ստորին շարքի շինտեխնիկան մոտենում է ուրարտական շինարվեստին։ Կառույցն օգտագործվել է որպես սրբավայր նաև զարգացած միջնադարում, որի մասին է վկայում խաչապատկերով քարը։


Շինությունն ունի բացառիկ մոնումենտալություն և կառուցվածք։ Այն անխոս դասվում է բրոնզ-երկաթեդարյան Հայաստանի եզակի, մոնումենտալ շինությունների շարքին։ Կառույցն, ամենայն հավանանակությամբ, թվագրվում է մ․թ․ա․ 8-6-րդ դարերով, սակայն ներսույթի հետագա պեղումները և հետազոտությունները հնարավորություն կտան առավել հանգամանալից խոսելու Հայաստանի հյուսիսում՝ Ամասիայի շրջանում նման մոնումենտալ կառուցվածք ունեցող շինության գործառույթի, թվագրության և այլ մանրամասների մասին։

1/2093
bottom of page