Դատավորին ծանր փորձություն է սպասվում
- 1 hour ago
- 1 min read

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։
Արամ Գրիգորյանը մի շարք աղմկահարույց գործեր է քննել և շարունակում է քննել։ Նա այն դատավորն է, որը Գագիկ Ծառուկյանին արդարացրել է, իսկ այժմ նրա վարույթում են նաև Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և այլ աղմկահարույց գործեր։ Հիշեցնենք՝ հենց Արամ Գրիգորյանի կողմից Գագիկ Ծառուկյանին արդարացնելուց հետո էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում, թե «փողը վերցրել են, Ծառուկյանին արդարացրել»։
Իշխանության թիրախում հայտնվելուց հետո Արամ Գրիգորյանի վարույթում հայտնված այս գործը նրա համար առաջին ծանր փորձությունն է՝ կկալանավորի՞ նախկին պաշտոնյային, թե՞ կմերժի կալանքի միջնորդությունը։
Նշենք, որ 2020 թվականին Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Պաշտպանական կողմը որոշումը պայմանավորել էր նրա առողջական վիճակով և դատական նիստերին ներկայանալու անհնարինությամբ։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը վնաս պատճառելու համար։




















