ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը

Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել այն եվրաինտեգրացիոն արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց այժմ ներքաշում են, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն, Արկտիկական խորհրդում ՌԴ ավագ պաշտոնատար անձ Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Երկրի զարգացման ուղու վերջնական ընտրությունը ցանկացած դեպքում մնում է Հայաստանի քաղաքացիների ձեռքում։ Այս առնչությամբ ուզում ենք հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել այն «եվրաինտեգրացիոն» արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց այժմ ներքաշում են», - ասել է Մասլեննիկովը։
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել էր օրենք՝ Հայաստանի՝ Եվրամիություն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Ռուսական կողմը նշել էր, որ միաժամանակ գտնվել թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի մաքսային միությունում անհնար է։




















