top of page

Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ը արտոնություն կստանա

2 hours ago
1 min read


Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում:

Ըստ Կառավարության հիմնավորման՝ ընկերությունը նախատեսում է ներմուծել 215 մլն դրամի սարքավորումներ և 656․9 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ։ Իրականացվող լրացումների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 4․3 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270․7 մլն դրամ:

«Ջերմուկ գրուպ»–ի կողմից ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսվում են օգտագործել պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության և թողարկված արտադրանքը տեղափոխելու նպատակով։

Այս որոշմամբ ընկերությանը հնարավորություն է ընձեռվում ընկերությանը ապրանքները ներմուծել լիզինգային տարբերակով։

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

«Ջերմուկ գրուպ»-ը հիմնադրվել է 1996 թվականին, հիմնադիրը Աշոտ Արսենյանն է։

Նշենք, որ 2018–ից հետո Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, 2021 թվականին ՔՊ–ի ցուցակով ընտրվել էր Ջերմուկ համայնքի ղեկավար, իսկ հիմա նա Վայոց Ձորի մարզպետն է։

 
 
1/2934
bottom of page