Դսեղ բնակավայրի Ծովեր լճի ջուրը «կանաչում» է, լճից տհաճ հոտ է գալիս․ Եգանյան

Դսեղ բնակավայրի բնակիչ Մարիամ Եգանյանին մտահոգված է Դսեղի Ծովեր լճի փոխություններով, ինչի մասին նա բարձրաձայնեց «Համայնքները՝ կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» քննարկման ընթացքում։
Կլիմայի փոփոխությունն ազդել է նաև Դսեղի զարդ համարվող Ծովեր լճի վրա։ Եգանյանի փոխանցմամբ՝ լիճը դսեղցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից է։
Լուսանկարում՝ Մարիամ Եգանյան
«Մենք նկատում ենք մի շարք փոփոխություններ առ այն, որ լճի ջուրը «կանաչում» է, տարածվում է եղեգը, ջրից տհաճ հոտ է գալիս։ Նկատվում է նաև գորտերի ավելի մեծ ակտիվություն։ 2020 թվականին Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության հրապարակած փաստաթղթում արդեն նշվել է, որ Ծովեր լիճն աստիճանաբար ծանծաղում և փոքրանում է, դիտվում ենն մասնակի ճահճացման երևույթներ, իսկ ջուրը մասամբ աղտոտված և պղտոր է։
Մենք չգիտենք՝ ինչով են պայմանավորված այս փոփոխությունները և արդյո՞ք այստեղ դեր ունի կլիմայի փոփոխությունը։ Մենք կարիք ունենք մասնագիտական ուսումնասիրության՝ ջրի, բուսականության և կենդանական աշխարհի վերաբերյալ ՝ պարզելու այս էկոհամակարգի փոփոխության պատճառն ու մշակելու, իրականացնելու բնության այս հուշարձանի պահպանման և էկոհամակարգի վերականգնման ծրագիր»,- ասաց Եգանյանը։
Նրա գնահատմամբ՝ համայնքներում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերի անցկացման անհրաժեշտություն կա, որոնք կօգնեն կառավարել մի շարք ռիսկեր։
«Ուզում ենք իմանալ այլ երկրների փորձը, թե ի՞նչ գործողություններ են ձեռնարկվում, երբ փոքր լճերում առաջանում են ճահճացման խնդիրներ։ Ուզում ենք, որ Ծովերը չդառնա էկոհամակարգի կորուստի օրինակ»,- իր խոսքում ավելացրեց համայնքի բնակիչը։
Նշենք, որ Եգանյանը բաղվում է վայրի բույսերի հավաքչությամբ, թեյախոտերի պատրաստմամբ, բույսերի մասին գիտելիքի տարածմամբ և համայնքային զարգացման ծրագրերով։
Բնակչի խոսքով՝ հենց իրենց աշխատանքի բնույթն է նպաստել, որպեսզի տեսնեն կլիմայական փոփոխությունների տեղական ազդանշանները։ Մասնավորապես, տարիների ընթացքում վայրի բույսերի հավաքչության ընթացքում նկատել են տեղումների և խոնավության փոփոխությունների ազդեցությունը բույսերի աճի ժամանակաշրջանի և բույսերի որակի վրա։
«Տարեցտարի դիտվում է բույսերի որակի անկում։ Հետևաբար, բնության հետ ամենօրյա աշխատանքը մեզ համար նաև դիտարկման և սովորելու հնարավորություն է»,- նշեց համայնքի բնակիչը։
Ի դեպ, Դսեղը բարձր լեռնային բնակավայր է, որը գտնվում է Դեբետ գետի բարձրադիր աջ ափին՝ շրջապատված անտառներով։ Ծովի մակարդակից բարձր է 1250֊1350 մետր։ Դսեղում կարճ աշխարհագրական տարածության վրա հանդիպում են բուսականության տարբեր գոտիներ՝ լեռնատափաստանային, անտառատափաստանային, ալպյան գոտիներ։ Դսեղի անտառներում հանդիպում են տարատեսակ կենդանիներ, ունի հարուստ թռչնաշխարհ։ Այնտեղ հանդիպում է 177 թռչնատեսակ, որոնցից 122-ը բազմացող են։ Այսպիսով՝ փորքր բնակավայրն ունի հարուստ կենսաբազմազանությունը, որը պահպանության և ուշադրության կարիք ունի։




















