Սկանդալում հայտնված տնօրենը գնացել է դպրոց` աշակերտները մեծ սիրով ընդունել են

Վաղը վարչական շրջանի ղեկավարը հանդիպելու է Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ծնողական ժողովի հետ, և քննարկում պետք է ունենան թեմայի վերաբերյալ, որպեսզի մի քանի տեսանկյունից հարցին մոտենանք. և հասկանանք, առաջին հերթին տնօրենի պրոֆեսիոնալ որակները, և երկրորդ հերթին հրապարակված տեսանյութը, այսօր՝ նոյեմբերի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրերս համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը թմրանյութ օգտագործում՝ կաթուցիչ օգտագործելով։
«Ինչ վերաբերում է ընտանեկան այդ միջադեպին, ես որքան գիտեմ, տնօրենի կողմից հաղորդում կա տրված ոստիկանություն` շորթման գործով, և որքանով, որ ընկալում ես այդ երևույթը, զազրելի, տգեղ բան է արված։ Այդտեղ անձնական, ներքին խոհանոցի մեջ շատ փորելը, թույլ տվեք ես այդտեղ չմտնեմ»,–ասել է նա։
Նշենք, որ դպրոցի տնօրենն արձագանքել էր տեսանյութին, որտեղ չէր հերքել ծխելու փաստը, միայն նշել էր, որ դա տեսանյութը հրապարակել է իր նախկին ամուսինը։
«Հրապարակը» Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցից փորձեց ճշտել, տնօրեն Իրինա Մկրտչյանը այսօր աշխատանքի եկե՞լ է, թե՞ ոչ: Դպրոցի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց. «Այո, եկել է աշխատանքի: Ոչ մի խնդիր չկա, աշակերտները նրան մեծ սիրով ընդունել են, ամեն ինչ հրաշալի ա, ասեմ ավելին` էսօր նորից եկել են մեր դպրոց ընդունվելու, էնպես որ ոչ մի բան չկա: Վաղը կլինի ծնողական ժողով»:




















