Տիգրանաշենի հանձնումը կկտրի Հայաստանի հարավային զարկերակը. Գալչյանը՝ «անկլավների», լոգիստիկ ճգնաժամի և տարածքային փոխանակման հնարավորության մասին
- 3 hours ago
- 3 min read

«Անկլավների վերադարձը կամ փոխանակումը աբսուրդային լոգիստիկ փակուղի ու հսկայական ճգնաժամ կստեղծի»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց ինժեներ-քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 20-ի ճեպազրույցում անդրադարձել է Տիգրանաշենի տարածքային պատկանելությանը և խորհրդային շրջանի անկլավների խնդրին՝ նշելով. «Քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չեն և այն փաստ է, որի հետ մենք պետք է առնչվել»։
Այս հայտարարությունների, իրավական և քարտեզագրական հիմքերի, ինչպես սահմանազատման գործընթացում հնարավոր ռիսկերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ինժեներ-քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ։
Ռուբեն Գալչյան- Տիգրանաշենը և նախկին ԽՍՀՄ շրջանում ձևավորված անկլավները փաստացի սահմանվել են խորհրդային զինվորական շտաբների կողմից՝ առանց առանձին բարձրագույն միջպետական վավերացման փաստաթղթերի, սակայն Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը;
Panorama.am-Իրավական և քարտեզագրական ի՞նչ հիմքեր ունեն այս պնդումները, և սահմանազատման գործընթացում ո՞ր քարտեզներն են կիրառելի։
Ռուբեն Գալչյան- Տեսե՛ք, այն հիմնարար քարտեզագրական հիմքերը, որոնց վրա այսօր հղում ենք կատարում սահմանների գծման համար, մշակվել են ԽՍՀՄ զինվորական գլխավոր շտաբի կողմից։ Մասնավորապես, 1969–1970-ական թվականներին կազմված և համապատասխանաբար երկկողմանի՝ Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների մակարդակով վավերացված քարտեզներն են ընդունվել որպես ելակետ։ Այդ քարտեզների համաձայն՝ անկախության հռչակման պահին Հայաստանի տարածքում դե յուրե գտնվել են ադրբեջանական երեք անկլավներ (Տիգրանաշենը, Վերին Ասկիպարան և Բարխուդարլուն), իսկ Ադրբեջանի տարածքում՝ հայկական Արծվաշեն էքսկլավը։
Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ անկլավների գոյության սկզբնական իրավական հիմնավորումը որպես առանձին միջազգային իրավական ակտ բացակայում է․ դրանք պարզապես տեղագրական և վարչական սահմանագծման արդյունք էին միևնույն միութենական պետության ներսում։ Խորհրդային ժամանակաշրջանում, երբ հանրապետությունների միջև վարչական սահմանները պայմանական էին, տնտեսական կապերը՝ ինտեգրված, իսկ ենթակառուցվածքները՝ միասնական, այդ անկլավների բնակիչներն անարգել օգտվում էին հարևան հանրապետության ռեսուրսներից (ջուր, գազ, էլեկտրաէներգիա, ճանապարհներ)։
Սակայն այսօր, երբ երկու պետությունները դեռևս չունեն լիարժեք միջպետական և սահմանային փոխճանաչման համաձայնագրեր անվտանգության ոլորտում, անկլավների առկայությունը ստեղծում է լոգիստիկ և իրավական աբսուրդային փակուղի։ Ադրբեջանական կողմը իրավականորեն հնարավորություն չունի անարգել հատելու Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ իր անկլավ հասնելու համար, և հակառակը՝ Հայաստանը չի կարող ապահովել դեպի Արծվաշեն անխոչընդոտ մուտք և կոմունալ-ենթակառուցվածքային մատակարարումներ Ադրբեջանի վերահսկողությամբ տարածքներով։
Ավելին, եթե Տիգրանաշենը փոխանցվի Ադրբեջանին, անմիջապես կտրվելու է Հայաստանի հարավային հատվածը՝ Վայոց ձորն ու Սյունիքը մայրաքաղաքին կապող միջպետական ռազմավարական մայրուղին։ Այլընտրանքային գյուղական ճանապարհները, որոնք անցնում են Վեդի քաղաքի կենտրոնով և վեց գյուղերի միջով, ֆիզիկապես ի վիճակի չեն սպասարկելու օրական հազարավոր ծանր բեռնատարների, նավթատարների և մեծաքանակ տրանսպորտային միջոցների հոսքը։
Տիգրանաշենում ներկայումս առկա է սահմանափակ թվով հայաբնակ տնտեսություն (6-7 ընտանիք), իսկ նախկինում այնտեղ ապրել է 8-10 ադրբեջանական ընտանիք։ Եթե անգամ տեսականորեն պատկերացնենք բնակչության տեղաշարժ, ապա ադրբեջանցի բնակիչները տեղում բախվելու են կենսական ենթակառուցվածքների՝ ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և մատակարարման լիակատար բացակայության խնդրին, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող այդ համակարգերը չեն կարող սպասարկել օտարերկրյա անկլավը։
Հետևաբար, միակ տնտեսագիտորեն և լոգիստիկորեն գործունակ լուծումը, որը քննարկվել է դեռևս խորհրդային տարիներին, տարածքների փոխանակման սկզբունքն է։
Panorama.am-Խնդրեմ, մանրամասնեք Արծվաշենի և անկլավների փոխանակման հնարավոր մաթեմատիկական ու աշխարհագրական հաշվեկշիռը։
Ռուբեն Գալչյան - Տարածքային առումով դրանք անհամաչափ մեծություններ են։ Մասնավորապես, Տիգրանաշենի տարածքը կազմում է մոտ 5-6 քառակուսի կիլոմետր, մինչդեռ Արծվաշենինը՝ շուրջ 40 քառակուսի կիլոմետր: Սակայն հաշվարկի մեջ պետք է ներառել նաև Տավուշի մարզում գտնվող մյուս երկու ադրբեջանական անկլավները՝ Վերին Ասկիպարան և Բարխուդարլուն։
Եթե Հայաստանը վերցնի Տիգրանաշենը և Տավուշի երկու անկլավները, և դրանց դիմաց Ադրբեջանին փոխանցվի Արծվաշենը, սա կլինի միակ խելամիտ և գործնական փոխհատուցման տարբերակը։ Հակառակ պարագայում, առանց փոխանակման, մենք ունենալու ենք հսկայական անվտանգային ու լոգիստիկ ճգնաժամ, որտեղ անկլավներում հայտնված քաղաքացիները զրկված կլինեն տեղաշարժի և հաղորդակցության իրավունքից։
Panorama.am-1991 թվականի սահմանազատման հիմքում ի՞նչ տրամաբանություն է կիրառվել։
Ռուբեն Գալչյան- Տրամաբանությունը, որ ինչ որ կար, դրանից սկսել, ինչ որ գոյություն ուներ, դրանով աշխատել, հետո սկսել սահմանազատումը, վերջնականը նոր մեր միջև իրականացնել, որի սկիզբը դրվել է, բայց դեռևս լուրջ գործ չի արվում, բացի Տավուշի 12 կիլոմետրից։
Panorama.am-Շնորհակալություն, հարցերին պատասխանելու համար։
Քնարիկ Սահակյան




















