top of page

Պարտության քրոնիկան. Փաշինյանն «աղոթում էր», իսկ դիմացի մայթում ժամեր առաջ uպանություն էր

  • 22 hours ago
  • 2 min read


Նիկոլ Փաշինյանի` Սևան կատարած այցը կարելի է դիտարկել ոչ միայն որպես հերթական մարզային այցելություն, այլ որպես խորհրդանշական դրվագ՝ քաղաքական և բարոյահոգեբանական խորքային շերտերով։ Սևանի եկեղեցում տեղի ունեցածը փաստացի ցույց տվեց, որ Փաշինյանը պարտվել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պատերազմում։ 

Նա նոյեմբերից ի վեր հրապարակային կերպով բոյկոտում է այն պատարագները, որոնց ընթացքում հնչում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Սակայն Սևանում ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ եկեղեցական համակարգը չի փոխում իր կարգը՝ ըստ քաղաքական կոնյունկտուրայի։ Պատարագիչը հնչեցրեց Վեհափառ Հայրապետի անունը՝ առանց հաշվի առնելու երկրի ղեկավարի ներկայությունը։ Սա կարևոր սիմվոլիկ դրվագ էր․ եկեղեցին, փաստորեն, ցույց տվեց, որ չի պատրաստվում իր ծիսական ընթացակարգը հարմարեցնել քաղաքական ճնշումներին կամ ակնկալիքներին։

Հատկանշական էր նաև այցի կազմակերպչական կողմը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ փորձ է արվել ապահովել ավելի մեծ ներկայություն, անգամ քննարկվել է այլ համայնքում՝ Գավառում, «նախընտրելի» ձևաչափով պատարագ կազմակերպելու տարբերակը։ Սակայն վերջնական ընտրությունը կանգ է առել Սևանի վրա, և նույնիսկ այդ դեպքում մասնակցությունն ակնհայտորեն սակավաթիվ է եղել։ Սա արդեն քաղաքական ազդակ է՝ ցույց տալու, որ վարչական ռեսուրսի մոբիլիզացիան անգամ տեղական մակարդակում այլևս նույն արդյունավետությունը չունի։ Երբ անգամ մարզպետարանի աշխատակիցներն են խուսափում մասնակցությունից, դա խոսում է ոչ միայն կոնկրետ այցի, այլ ընդհանուր մթնոլորտի մասին։

Սակայն Սևանի այցը խորհրդանշական էր նաև մեկ այլ, շատ ավելի ցավոտ համատեքստում՝ Եկեղեցու դիմաց նախորդ օրը տեղի ունեցած 20-ամյա զինծառայողի սպանությունը։ Հանրային անվտանգության հարցը վերջին շրջանում դարձել է լուրջ մտահոգության առարկա։ Երբ զինվորականը, որը պետք է պետության կողմից պաշտպանված և արժևորված լինի, զոհ է դառնում քաղաքացիական միջավայրում, դա հասարակության մեջ առաջացնում է խոր անհանգստություն։ Առավել ևս, երբ հանցագործությունը կատարողը անչափահաս է։ Սա արդեն համակարգային խնդիրների մասին ազդակ է՝ սոցիալական վերահսկողության, իրավապահ համակարգի արդյունավետության և կանխարգելիչ քաղաքականության տեսանկյունից։

Այսպիսով, Սևանը դարձավ մի տարածք, որտեղ համադրվեցին երկու տարբեր, բայց փոխկապակցված թեմաներ՝ իշխանություն–եկեղեցի հարաբերությունների լարվածությունը և ներքին անվտանգության ճգնաժամի զգացողությունը։ Եթե առաջինը վերաբերում է արժեքային և ինստիտուցիոնալ հակադրությանը, ապա երկրորդը՝ պետության հիմնական գործառույթի՝ անվտանգության ապահովման հարցին։

Քաղաքական տեսանկյունից այս այցը կարող է ընկալվել որպես խորհրդանշական պարտություն։ Ոչ այն պատճառով, որ Փաշինյանը ֆիզիկապես մերժվեց, այլ որովհետև նա հայտնվեց մի միջավայրում, որտեղ իր քաղաքական կամքը չկարողացավ օրակարգ ձևավորել։ Եկեղեցին պահպանեց իր կանոնը, իսկ հանրային տրամադրությունները՝ իրենց կասկածներն ու դժգոհությունները։

Սևանը այս համատեքստում դարձավ հայելի, որը ցույց է տալիս իշխանության առջև կանգնած մարտահրավերները։ Եվ եթե քաղաքական ղեկավարությունը չի կարողանում վերահսկել ոչ արժեքային օրակարգը, ոչ էլ անվտանգային դիսկուրսը, ապա ցանկացած նման այց դառնում է ոչ թե ուժի ցուցադրում, այլ համակարգային խնդիրների բացահայտում։

Նարե Գնունի

 
 
bottom of page