Նոր որոշում. գյուղացիներին մինչեւ 2 մլն դրամ անտոկոս վարկ կտրվի. առաջին 6 ամիսը ընդհանրապես ոչինչ չեն վճարելու
- 3 hours ago
- 2 min read

Կառավարության կողմից այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության ոլորտում, և սա նաև հասկանալի է, որովհետև շուրջ մեկ երրորդ մեր բնակչության, այս կամ այն կերպ, գյուղատնտեսության մեջ ներգրավված է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այստեղ մենք մի խնդիր ունենք, կառավարության կողմից թիրախային ծրագրեր են իրականացվում՝ անասնապահության, տոհմային անասնապահության, ինտենսիվ այգեգործություն, բարձր տեխնոլոգիական ջերմատներ կամ առհասարակ ջերմատներ, բայց մի բան կար, որ մինչև հիմա դա չունեինք, հենց դա ենք անում՝ ագրոպարենային ոլորտի բոլոր ենթաճյուղերը ընդգրկող ընդհանրական ծրագիր չունեինք։
Այս ծրագիրը բոլոր գյուղացիական տնտեսություններին վերաբերվում է, և էական չէ, թե ինչ ոլորտով են նրանք զբաղվում։
Այստեղ ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ սա հատկապես վերաբերվում է փոքր գյուղատնտեսական տնտեսություններին, որոնք հասկանալի պատճառներով, օբյեկտիվորեն հաճախ հնարավորություն չեն ունենում շատ մեծ ներդրումներ իրականացնել տեխնոլոգիական գյուղատնտեսության մեջ։ Սա հնարավորություն է տալիս մատչելի ֆինանսական ռեսուրսներ ապահովել ագրոպարենային ոլորտում գործունեություն ծավալելու համար։
Ծրագիրը նախատեսված է 2026-2027 թվականների համար, յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկային սահմանաչափը էս ծրագրով 1-2 միլիոն դրամ է։ Ամբողջ տոկոսադրույքը կառավարությունը սուբսիդավորում է, բայց ծրագրի պայմանն է, որ տոկոսադրույքը պետք է լինի առավելագույնը 14%, այսինքն կառավարության ծախսը չի կարող գերազանցել 14 տոկոսային կետը։ Սրա արդյունքում մեր գյուղացիական տնտեսությունները 0% ով վարկ կարողանան ձեռք բերել վարկի մարման ժամկետը մինչև երեք տարի է։ Շատ կարևոր մի կետ էլ կա՝ վարկի մայր գումարի համար արտոնյալ ժամկետ ունենք՝ վեց ամիս։ Այսինքն վերցրեցին օրինակ 2 միլիոն դրամ մեր քաղաքացիները, առաջին 6 ամիսը ոչինչ չեն վճարում, պետությունը տոկոսադրույքները կվճարի, բայց իրենք արդեն մայր գումարը սկսում են վեցերորդ ամսից վճարել։
Ընդ որում, իրենք կարող են մի քանի անգամ օգտվել այս ծրագրից։ Օրինակ, առաջին անգամ կարող են օգտվել մեկ միլիոն դրամ, երկրորդ անգամ գնալ մյուս լրացուցիչ մասը ևս վերցնել»,– ընդգծեց Պապոյանը։
Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս ծրագիրը մեր գյուղացիների շրջանում հայտնի է որպես «անտոկոս վարկ»։
«Հիմա այս որոշմամբ մենք այդ անտոկոս վարկի հնարավորությունը ստեղծում ենք։ Ընդ որում 6 ամսվա տրամաբանությունը հետևյալն է, ենթադրենք ապրիլի վերջ, մայիսի սկիզբ, գյուղացին այդ վարկը վերցրեց, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, չի վճարում ոչ մի բան։ Դե ենթադրում է, որ այս վեց ամսվա ընթացքում պետք է արդեն բերք ունենա և բերքից եկամուտ ունենա, և այդ եկամուտներից կամաց-կամաց սկսում է այս վարկը փակել քանի տարում մինչև երեք տարի»։




















