Ես իմ գործունեությամբ «ցավացրել եմ» որոշ մարդկանց. Հայկ Սարգսյանը՝ ՔՊ վարչության որոշման մասին
- Elen Hovsepyan

- 24 hours ago
- 2 min read

Ես իմ գործունեությամբ «ցավացրել եմ» որոշ մարդկանց, անուններ դեռ չեմ ուզում տալ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՔՊ վարչությունը մերժել իրեն և չի ընդգրկել 2026–ի ընտրություններում ՔՊ–ի նախընտրական ցուցակում։
«Ես հանդես եմ եկել մի շարք օրենսդրական նախագծերով, տասնյակ առաջարկներ եմ արել, որոնք ընդունվել են և նաև 5 օրենսդրական նախագծերի հեղինակ եմ։ Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով ՔՊ վարչության անդամներից մի քանիսը՝ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, հետևյալն է. Ես օրենքի նախագիծ եմ հեղինակել, սկզբնական շրջանում դրան դեմ է եղել ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ–ը։ Խոսքը վերաբերում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելուն։ Օրենքը ընդունվեց շատ բուռն քննարկումների արդյունքում։ Ես ներկայացրել եմ բոլոր հիմնավորումները, թե ինչու պետք է մենք բարձրացնենք այդ հարկերը։ Օրենքը ընդունվեց և մինչ յս պահտ 10 մլրդ դրամից ավելի գումար է մուտքագրվել պետական բյուջե։
Ըստ այս նախագծի տրամաբանության, տարեկան մոտ 13 մլրդ դրամ կամ 33 մլն դոլար ավել գումար է մուտքագրվելու բյուջե։ Ըստ այդ օրենքի, սահմանված է, որ եթե հունվարի 1–ից չունենանք խաղային օպերատոր, պետք է երեք անգամ բարձրանան հարկերը։ Մենք տեսնում ենք, որ խաղային օպերտոր չենք ունենալու։ Արդյունքում տարեկան բյուջե է մուտքագրվելու մոտ 70 մլն դոլար հավելյալ գումար։ Նախկինում այդ գումարները գնացել են այն մարդկանց գրպանները, որոնք այդ խոշոր ընկերությունների սեփականատերերն են և միլիարդատերեր են։
Սա նշանակում է, որ իրենք ունեն լրջագույն խնդիր՝ ի դեմս պատգամավոր Հայկ Սարգսյանի, ով բարձրացնում է ահանրությանը հուզող հարցերը, որովհետև այսօր խաղամոլությունը, թմրամոլությունը և քրեական բարքերը ամենաշատն են ցավացնում և հուզում մեր հանրությանը։
Ես միակ պատգամավորն եմ եղել, ով այս հարցերը բարձրացրել է և պայքարելով հասել եմ արդյունքի՝ վտանգելով նաև իմ սեփական կյանքը, քանի որ մարդիկ, որոնք միլիարդներով այն ժամանակ դնում էին գումարը իրենց գրպանները, ստիպված պետք է կտրեն և տան պետությանը։
Հիմա ստացվում է, որ ես մեծ օգուտ բերելով իմ պետությանը, հայտնվել եմ թիրախային իրավիճակում և և վարչության որոշ անդամներ, մեղմ ասած, չեն գնահատում իմ գործունեությունը»,–ասաց Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ չի կարող ասել, թե ով է վարչությունում դեմ քվեարկել, ով կողմ։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՔՊ վարչությունում միայն երեք մարդ է կողմ քվեարկել Հայկ Սարգսյանին ղցուցակում ընդգրկելու հարցին։




















