top of page

Հակված եմ ենթադրելու՝ ֆիլմը չի ցուցադրվում քաղաքական պատճառներով, «խաղաղության» անվան տակ իշխանությունը ռևիզիայի է ենթարկում Հայաստանի նորագույն պատմությունը. Տիգրան Պասկևիչյան

  • 8 hours ago
  • 2 min read


Հանրային հեռուստաընկերության պատվերով կինոռեժիսոր, սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը 2020 թվականին պատրաստել է «Անկախության մեր ճանապարհը»  վավերագրական ֆիլմը՝ ներկայացնելով 1988-1991 թվականներին ծավալված քաղաքական աննախադեպ պայքարը։ Սակայն այս տարիների ընթացքում պետական բյուջեի միջոցներով նկարահանված ֆիլմն այդպես էլ չի հայտնվել էկրանին։ Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը դատարանով բացառել է ֆիլմի ցուցադրության որևէ ձևաչափ, այդ թվում՝ դահլիճային դիտումները։

Panorama.am-ի հետ զրույցում Տիգրան Պասկևիչյանը նախ ասաց, որ հարց պետք է ուղղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, թե ինչո՞ւ չի ցուցադրվում այդ ֆիլմը. «Ես խորհուրդ կտամ կարդալ Հովհաննես Մովսիսյանի երեկվա պարզաբանումն ու փորձել հասկանալ, թե ինչու չի ցուցադրվել։ Այդ պարզաբանումից պարզ չէ, թե ինչու չի ցուցադրվել»։ 

Նա նշեց, քանի որ չունի որևէ ողջամիտ պատասխան, հակված է ենթադրելու՝ չի ցուցադրվում քաղաքական պատճառներով։ 

«Ներկա իշխանությունը փորձում է ռևիզիայի ենթարկել Հայաստանի նորագույն պատմությունը սկսած 1988 թվականից։ Լսած կլինեք Նիկոլ Փաշնյանի բոցաշունչ ելույթներն այն մասին, որ Ղարաբաղյան շարժումը սխալ էր, ական էր։

Ստեղծել եմ ֆիլմ՝ հիմնված իրական փաստերի վրա։ Մի հատ թող տեսնեն իրական փաստերն ու համեմատեն Նիկոլ Փաշինյանի բացականչությունների հետ»,- ընդգծեց սցենարիստը՝ հավելելով, որ Հանրայինի նպատակն է ընդհանրապես չցուցադրվի այս ֆիլմը և հասան իրենց նպատակին դատարանի որոշմամբ։ 

Ըստ նրա, ֆիլմը չցուցադրելը նույն տրամաբանության մեջ է, ինչ Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա  Գզոյանի կողմից  ԱՄՆ փոխնախագահին Արցախյան պատերազմի մասին գիրք նվիրելու փաստը՝ Փաշինյանի կողմից «սադրանք» որակելը։ 

«Խաղաղության անվան տակ իրենք փորձում են ռևիզիայի ենթարկել ամեն ինչ՝ Ցեղասպանությունը, Արցախյան պատերազմը, Արցախյան շարժումը, արցախցիների իրավունքները։ Սա այս իշխանությունների մեծ ռևիզոնիստական գործունեության մի մասնիկն է։ Ամեն ինչ կարելի է  սպասել այս իշխանություններից, օրինակ, ոչ միայն գործից հանեն մարդուն, այլ ձերբակալեն գրքերի հեղինակներին, գրքերի տպաքանակները բանտարկեն, ինչպես սովետական տարիներին անցանկալի գրքերի տպաքանակներն արգելափակվում էին, ավելի վաղ՝ ինկվիզիցիայի շրջանում, այդ գրքերն այրվում էին։ Իրենցից բոլոր ժամանակների բոլոր արատավոր բաները կարելի է սպասել»,- ասաց Տ.Պասկևիչյանը։ 

Հրապարակախոսը նշեց, որ չէր պատկերացնում 2018 թվականի հեղափոխությունն այս աստիճանի աղետաբեր կլիներ։   

Տ.Պասկևիչյանը նաև նշեց, որ ինքը չի հասկանում այս իշխանությունների ասած «իրական Հայաստանը». «Ժամը քանիսի՞ն է սկսվում իրական Հայաստանը, կարո՞ղ է մեկն ասի։ Ոչ ոք։ 

Կա մի ազգ, որն ունի իր պատմությունը ու չես կարող այդ պատմությունից կտրել-թափել ինչ-որ բաներ»։

 
 
1/2662
bottom of page