Պետական բյուջեն ընտանեկան բյուջե է, որովհետև կապ ունի, թե կոշիկդ ինչքան էր մաշվում հին և վերանորոգված ճանապարհով անցնելիս. Նիկոլ Փաշինյան
- Elen Hovsepyan

- Dec 12, 2024
- 2 min read

Եթե որևէ ճանապարհ ասֆալտապատում ենք կամ սալարկում ենք, այդ ճանապարհի վրայի գտնվող տների բոլոր գները բարձրանում են: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդն իր տանը նստած, իր կյանքում ոչինչ տեղի չի ունենում, բայց իր կապիտալն աճում է: Կարող է տունն արժի 500 հազար դրամ, բայց այդ ճանապարհի կառուցման արդյունքում դառնում է 520, 550 հազար: Ջրագիծ է կառուցվում, տան գինն աճում է: Մանկապարտեզ է բացվում, մենք մի կողմից ենք միայն նայում՝ երեխեքը գնում են, մայրիկներն աշխատում են, բայց դրանով այդ գյուղի հողամասերի, ամեն ինչի գներն աճում է:
Մարդուն պետք է ասել սա, ինքը չգիտի: Մարդը նայում է՝ ցեխով է գնում, հիմա չի գնում, դա լավ է երևի, բայց միայն դա չի: Հիմա պայմանական թիվ եմ ասում, որ չասեն՝ հիմա էլ տների գները գյուղի սարքեցին միլիոններ: Առաջ 500 հազարանոց տանն էիք ապրում, առանց որևէ լրացուցիչ ներդրում անելու, հիմա 550 հազարանոց տանն եք ապրում»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ ստացվում է՝ այդ գումարը, որը բյուջեով հետ է գնում, ուղիղ մտնում է մարդու գրպանը: «Սա շատ կարևոր է: Անընդհատ պետք է ասենք, որ պետական բյուջեն ընտանեկան բյուջե է, որովհետև կապ ունի՝ կոշիկդ ինչքա՞ն է մաշում էն ճանապարհով և մյուս ճանապարհով գնալու դեպքում, և դու ինչքան հաճախականությամբ ես ստիպված առնել կոշիկ, մեքենայի անվադող, ինչքան ժամանակով ես ստիպված փոսերով ճանապարհ օգտագործելով՝ մեքենադ վերանորոգել:
Կապ չունի՝ արհեստավորի մոտ ես վերանորորգում, թե սեփական ուժերով, որովհետև այնուամենայնիվ, մի մաս պետք է ձեռք բերես ու քո արած աշխատանքն էլ գին ունի, որովհետև կարող էիր այդ ընթացքում ոչ թե էդ նորոգումն անել, այլ գնալ մի ծառով զբաղվել, որը 300 գրամ բերք դրա արդյունքում կարող էր ավել տալ»,- ասաց նա:
Նա նորից նշեց, որ սա շատ կարևոր գիտակցում է, որ մենք անընդհատ, առանց հոգնելու պետք է կրկնենք՝ ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է:
«Ավելին ասեմ՝ ոչ մի մարդ իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է ՀՀ պետական բյուջեից : Կարող են լինել 2 ձեռքերի մատերի վրա հաշված մարդիկ, որոնք էնքան շատ փող ունեն, որ շատ են ծախսում, բայց նույնիսկ դրանց պարագայում հաշվարկի հարց է և կարող է պարզվի՝ իրենք էլ չեն ծախսում ավելի շատ, քան բյուջեն»,- ասաց նա:




















