top of page

Սպիտակ տունը CNN հեռուստաալիքին արգելել է մուտք գործել Թրամփի նախագահական ինքնաթիռ

13 minutes ago
2 min read

Սպիտակ տունը շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թենեսի կատարելիք այցի ընթացքում CNN հեռուստաալիքին թույլ չի տա բարձրանալ նախագահական Air Force One ինքնաթիռ, թեև հեռուստաալիքը պետք է կատարեր ամերիկացի նախագահին լուսաբանող հեռուստալրագրողների փուլի կազմում իր պարտականությունները, հաղորդում է հեռուստաալիքը։

CNN-ը ներառված էր հեռուստափուլի կազմում՝ լրագրողների փոքր հերթափոխային խմբում, որը ուղեկցում է նախագահին ուղևորությունների ժամանակ և աշխատում է այնտեղ, որտեղ ֆիզիկապես հնարավոր չէ տեղավորել ամբողջ մամուլի կորպուսը։ Լրագրողների հավաքած նյութերը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ելույթների տեսագրությունները, փոխանցվում են մյուս հեռուստաալիքներին։

Սպիտակ տան որոշման մասին հայտնի դարձավ ուրբաթ երեկոյան՝ Թրամփի ժամանակացույցի վերաբերյալ հաղորդագրությունից։ Ընդ որում, այնտեղ նշված չէր որևէ այլ հեռուստաալիք, որը կփոխարիներ CNN-ին։ Այդպիսով, նախագահի Թենեսի այցի ընթացքում հեռուստափուլը չի գործի։

Սա դարձավ Թրամփի վարչակազմի և CNN-ի, ինչպես նաև նախագահական մամուլի կորպուսի այլ ներկայացուցիչների միջև դիմակայության հերթական դրվագը։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր CNN-ին, MS NOW-ին և Politico-ին Սպիտակ տանը աշխատելն արգելելու մասին։ Այդ որոշման շրջանակում CNN-ը նաև զրկվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Թրամփի՝ Նյու Յորք կատարած այցի ընթացքում հեռուստափուլում նախապես նախատեսված պարտականությունները կատարելու հնարավորությունից։

Սակայն սեպտեմբերի 24-ին դատարանը կասեցրել է վարչակազմի արգելքի գործողությունը և պարտավորեցրել Սպիտակ տանը վերականգնել երեք հրատարակությունների լրագրողների հավատարմագրումները։ Միևնույն ժամանակ, հեռուստափուլի կարգավիճակը դատական որոշումից հետո մնում էր մինչև վերջ չհստակեցված։

CNN-ին փուլի աշխատանքից հեռացնելուց հետո Fox News-ը, NBC-ն, ABC-ն և CBS-ը հրաժարվել էին կատարել դրա գործառույթները, մինչև լրագրողների սովորական մուտքը չվերականգնվի։ Ուրբաթ օրը փուլի կանոնավոր աշխատանքը վերսկսվել է․ CNN-ը մասնակցել է Ազգային արխիվում Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հանդիպման լուսաբանմանը։

CNN-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Սպիտակ տան նոր որոշումը։ CNN-ը մեկնաբանության համար դիմել է նախագահի վարչակազմին։ Air Force One-ի բորտ CNN-ին չթույլատրելու մասին առաջինը հայտնել է The Washington Post-ը։

Հեռուստափուլը կարևոր դեր է խաղում նախագահի գործունեության լուսաբանման մեջ․ դրա լրագրողները տեսաազդանշան և տեղեկություն են տրամադրում ամերիկյան և արտասահմանյան այլ ԶԼՄ-ների։ Հեռուստատեսայինից բացի, գոյություն ունեն նաև տպագիր, ռադիոլրագրողական և ֆոտոփուլեր։

Նախագահական վարչակազմն ինքն է պատրաստում և տարածում միջոցառումների տեսագրությունները, այդ թվում՝ վարում է ուղիղ հեռարձակումներ։ Սակայն լրագրողական համայնքի ներկայացուցիչները նշում են, որ նման բովանդակությունը չի կարող փոխարինել նախագահական գործունեության անկախ լուսաբանմանը։

«Եթե կառավարությունը ձեզ ցույց է տալիս միայն այն, ինչ ուզում է ցույց տալ, հարց է առաջանում՝ ի՞նչն է, որ մենք չենք տեսնում», — հայտարարել է CBS-ի լրագրող Վեյցզյա Ցզյանը՝ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի նախկին նախագահը։

Միևնույն ժամանակ դատարանը CNN-ին, MS NOW-ին և Politico-ին ժամանակ է տվել մինչև երկուշաբթի՝ նախնական դատական արգելանք կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու համար, որը կարող էր ավելի երկար ժամկետով կասեցնել Թրամփի հայտարարած սահմանափակման գործողությունը։


 
 
1/2939
bottom of page