top of page

Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացած գարեջրի գործարանը զրկվել է լիցենզիայից․ Fox

  • 9 hours ago
  • 1 min read


ԱՄՆ Վիսկոնսին նահանգի կարգավորիչ մարմինները զրկել են «Minocqua Brewing» գարեջրատանը գործունեության լիցենզիայից։ Ձեռնարկության սեփականատերը հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին քննադատական և սուր հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում է «Fox News»-ը։

Որոշումն ուժի մեջ է մտնում օգոստոսի 4-ից։ Լիցենզիայից զրկելու առիթ է դարձել գարեջրատանը հայտնաբերված տարայավորված գարեջրի խմբաքանակի առգրավումը․ իրավապահների պնդմամբ՝ այն ներկրվել էր հարևան նահանգից՝ առանց համապատասխան թույլտվության և հարկային վճարումների։

Գարեջրատան տեր, լիբերալ ակտիվիստ Քիրք Բենգսթադը վստահ է, որ հարկային ենթադրյալ խախտումները չեն կարող հիմք ծառայել բիզնեսը փակելու համար, և մտադիր է «բոլոր իրավական ճանապարհներով» բողոքարկել որոշումը։ Նա արդեն դիմել է իր կողմնակիցներին՝ խնդրելով նվիրատվություններ կատարել հատուկ հիմնադրամին, որպեսզի հոգա իրավաբանական ծախսերը, քանի որ մինչ դատական փուլը դրանք կարող են հասնել 100 հազար դոլարի։

«Fox News»-ի փոխանցմամբ՝ գարեջրատան սոցցանցային էջերում պարբերաբար տեղադրվել են հակաթրամփյան գրառումներ․ դրանցում, մասնավորապես, «ակնարկվել է, որ Թրամփի սպանության դեպքում այցելուներին անվճար գարեջուր կհյուրասիրեն, թեև նրա անունն ուղղակիորեն չի նշվել»։ Այսպիսով, ապրիլին Սպիտակ տանը տեղի ունեցած կրակոցներից հետո ընկերությունը գրել էր․ «մենք մոտ ենք անվճար գարեջրի օրվան»՝ հավելելով, որ «դիմադրության» կողմնակիցները «պետք է լավացնեն իրենց դիպուկությունը, որպեսզի [իրենք] օրվա դրական լրահոս ապահովեն»։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին՝ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընդունելության ժամանակ, որին մասնակցում է նաև նախագահ Դոնալդ Թրամփը։ Հրաձգության հետևանքով Գաղտնի ծառայության սպա է վիրավորվել։ Կրակողը ձերբակալվել էր․ նա Կալիֆոռնիայից 31-ամյա ուսուցիչ Քոուլ Թոմաս Ալենն էր, ում մոտ հայտնաբերվել էր մի քանի միավոր հրաձգային զենք։ Որոշ ժամանակ անց նա խոստովանել էր, որ մահափորձ էր ծրագրել Սպիտակ տան պաշտոնյաների նկատմամբ։

 
 
1/2853
bottom of page