top of page

«Շիրակի մարզում աղբավայրերի իրավիճակը վերածվել է խորքային և պետական մակարդակի ճգնաժամի». Մհեր Մելքոնյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 14
  • 1 min read
ree


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շիրակի մարզում աղբավայրերի իրավիճակը վաղուց դադարել է լինել կենցաղային կամ տեղային խնդիր։ Այն վերածվել է խորքային, համակարգային և պետական մակարդակի ճգնաժամի, որը ուղղակիորեն սպառնում է հանրային առողջությանը, շրջակա միջավայրին և քաղաքացիների արժանապատիվ կյանքի հիմնարար իրավունքին։


Տարիներ շարունակ մարզի համայնքները ստիպված են ապրել չկարգավորված, հակասանիտարական աղբավայրերի հարևանությամբ։ Աղբը կուտակվում է բաց տարածքներում, հաճախ այրվում է, թունավորում օդը, հողն ու ջուրը։ Սրանք տեսանելի հետևանքներն են պետական քաղաքականության բացակայության, որի գինը վճարում են մարդիկ՝ իրենց առողջությամբ և ապագայով։


Պետք է հստակ արձանագրել՝ համայնքները սեփական ուժերով չեն կարող լուծել այս խնդիրը։ Տեղական ինքնակառավարման մարմինները չունեն անհրաժեշտ ֆինանսական, տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներ։ Սա խնդիր է, որը պետք է լուծի պետությունը, և դա պահանջում է համակարգային, կենտրոնացված և անհապաղ մոտեցում։


Խնդիրը խորքային է։ Տարիներ շարունակ բացակայել է թափոնների կառավարման համապարփակ պետական քաղաքականություն։ Արդյունքում՝ Շիրակը վերածվել է էկոլոգիական և առողջապահական ռիսկի գոտու, իսկ դրա հետևանքները կրում են հենց բնակիչները։


Այս խնդրի լուծումը կենսական նշանակություն ունի մեր մարզի համայնքների համար։ Մաքուր միջավայրը, կայուն և առողջ կյանքը և համայնքների զարգացումը կախված են պետական արձագանքից։


Կառավարությունը պետք է անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝


- ընդունել Շիրակի մարզի թափոնների կառավարման հատուկ պետական ծրագիր՝ հստակ ժամկետներով և լիարժեք ֆինանսավորմամբ,


- փակել և ռեկուլտիվացնել էկոլոգիապես վտանգավոր աղբավայրերը,


- ստեղծել մարզային կամ միջհամայնքային ժամանակակից աղբավերամշակման ենթակառուցվածքներ,


- ապահովել համայնքներին պետական աջակցությամբ՝ տեխնիկայով, սուբսիդիաներով և մասնագիտական կարողություններով,


- ներդնել թափոնների տեսակավորման և վերահսկողության համակարգ՝ ապահովելու շարունակական վերահսկողություն։


Ժամանակն է, որ պետությունը ստանձնի լիարժեք պատասխանատվություն և ապահովել հստակ, համակարգված և անվերապահ միջոցառումներ՝ յուրաքանչյուր համայնքի համար՝ մաքուր, անվտանգ և առողջ միջավայր ստեղծելու նպատակով»:

 
 
bottom of page