Հայաստանում երիտասարդների շրջանում հոգեկան առողջության խնդիրները դառնում են ավելի տարածված
- 9h
- 4 min read

Մանկությունն ու դեռահասությունը զարգացման առանձնահատուկ և վճռորոշ շրջաններ են, որոնք բնորոշվում են կենսաբանական, հոգեբանական, ճանաչողական և սոցիալական ոլորտներում ընթացող խորքային և ինտենսիվ փոփոխություններով։ Այս փուլում են ձևավորվում հուզական ինքնակարգավորման, սոցիալական փոխազդեցության, անձնական ինքնության և վարքագծային ռազմավարությունների հիմնարար մեխանիզմները, որոնք հետագայում պայմանավորում են անհատի կայուն զարգացումն ու լիարժեք սոցիալական ինտեգրումը։
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոնից նշում են, որ, սակայն խնդրի պարադոքսն այն է, որ հոգեկան խանգարումների 50–75%-ի սկիզբը բաժին է ընկնում հենց մանկական և դեռահասային տարիքին։ Հետազոտությունների տվյալների համաձայն՝ հոգեկան խանգարումների դրսևորման միջին տարիքը կազմում է 14,5 տարի, իսկ դեպքերի 48,4%-ը սկսվում է մինչև 18 տարեկանը։ 10–19 տարեկանների շրջանում հիվանդությունների ընդհանուր բեռի կառուցվածքում հոգեկան խանգարումները զբաղեցնում են 15%։
Նշված միտումները լուրջ մտահոգություն են առաջացնում, քանի որ հոգեկան խանգարումները կարող են խաթարել զարգացման հիմնական փուլերի բնականոն ընթացքը՝ էական ազդեցություն ունենալով կրթական առաջադիմության, սոցիալական հարմարվողականության և ապագա մասնագիտական ներուժի ձևավորման վրա։ Դեռահասների հոգեկան խանգարումները հաճախ ուղեկցվում են սոցիալական մեկուսացմամբ, խտրականությամբ և խարանավորմամբ, ռիսկային վարքագծի դրսևորումներով, ֆիզիկական առողջության վատթարացմամբ, ինչպես նաև իրավունքների խախտման և ոչ պատշաճ վերաբերմունքի բարձր ռիսկով:
Այս համատեքստում խնդիրը չի սահմանափակվում միայն բժշկական հարթությամբ․ այն ունի նաև արտահայտված սոցիալ-տնտեսական նշանակություն և վերածվում է հանրային առողջության լուրջ մարտահրավերի։
Գլոբալ գնահատականները վկայում են խնդրի լայնածավալ և համակարգային բնույթի մասին։ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր յոթերորդ դեռահասը (14,3%) ունի որևէ հոգեկան խանգարում, մինչդեռ դեպքերի զգալի մասը մնում է չախտորոշված և համապատասխան բուժօգնությունից զուրկ։ Նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում հոգեկան խանգարում ունեցող երեխաների միայն 44,2%-ն է ստանում համապատասխան մասնագիտացված օգնություն։
5–24 տարեկանների ընդգրկմամբ իրականացված լայնածավալ գնահատումը ցույց է տվել, որ 2019 թվականին հոգեկան խանգարումների գլոբալ միջին տարածվածությունը կազմել է 11,6%, ինչը համարժեք է շուրջ 293 միլիոն դեպքի։
Շուրջ 1,6 միլիոն մասնակից ընդգրկած խոշոր մետավերլուծությունը արձանագրել է հոգեկան խանգարումների տարածվածության տարածաշրջանային զգալի տարբերություններ․ Ասիայում տարածվածությունը կազմել է 14,5%, Աֆրիկայում՝ 9,9%, մինչդեռ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում այն հասել է 30,6%-ի, իսկ Եվրոպայում՝ 30,4%-ի։ Նշված տարբերությունները պայմանավորված են ինչպես իրական համաճարակաբանական առանձնահատկություններով, այնպես էլ հետազոտական մեթոդաբանության տարբերություններով և հոգեկան առողջության ծառայությունների ու ախտորոշման հասանելիությամբ։
Մանկական և դեռահասային տարիքում հոգեկան խանգարումների կլինիկական կառուցվածքը բնութագրվում է տարիքային օրինաչափություններով և դրսևորման առանձնահատկություններով։ Դեռահասության շրջանում գերակշռում են հուզական խանգարումները՝ առաջին հերթին տագնապային և դեպրեսիվ սպեկտրի խանգարումները։
Տագնապային խանգարումները հանդիպում են 10–14 տարեկանների 4,1%-ի և 15–19 տարեկանների 5,3%-ի մոտ, իսկ դեպրեսիան՝ համապատասխանաբար 1,3% և 3,4% հաճախականությամբ։ Դեպրեսիվ խանգարումները կարող են ունենալ ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև ինքնասպանություն, որը, ԱՀԿ տվյալներով, 15–29 տարեկանների շրջանում մահացության պատճառների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը։
Վարքային խանգարումները համեմատաբար ավելի հաճախ հանդիպում են կրտսեր դեռահասների մոտ։ Ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշը գրանցվում է 10–14 տարեկանների 2,7%-ի և 15–19 տարեկանների 2,2%-ի մոտ, իսկ վարքի խանգարումները՝ համապատասխանաբար 3,3% և 1,8%-ի։
Սննդային վարքի խանգարումները համեմատաբար քիչ են տարածված, սակայն ունեն հստակ սեռային անհավասարություն․ դրանք դիտվում են 10–14 տարեկանների 0,1%-ի և 15–19 տարեկանների 0,4%-ի մոտ՝ առավելապես աղջիկների շրջանում։
Փսիխոտիկ ախտանշաններով բնութագրվող խանգարումները հիմնականում դրսևորվում են ուշ դեռահասային կամ վաղ հասուն տարիքում․ 15–19 տարեկանների շուրջ 0,1%-ի մոտ զարգանում է շիզոֆրենիա։
Հոգեմետ նյութերի օգտագործման հետ կապված խանգարումները ընդգրկում են դեռահասների 1,3%-ը, իսկ ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումները՝ 1,2%-ը։
Հատկանշական է նաև համակցվածության (կոմորբիդության) բարձր մակարդակը․ հոգեկան խանգարում ունեցող երեխաների և դեռահասների 26,5%-ը միաժամանակ ունենում է երկու և ավելի խանգարումներ, ինչը զգալիորեն բարդացնում է ախտորոշման գործընթացը, բուժման ընտրությունը և կանխատեսումը։
Դեռահասների հոգեկան առողջության ձևավորումը պայմանավորված է կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնների փոխկապակցված ազդեցությամբ։ Ռիսկի գործոնների կուտակումը ոչ միայն մեծացնում է հոգեկան խանգարումների առաջացման հավանականությունը, այլև ուժեղացնում է դրանց ծանրությունն ու երկարատև ընթացքը։
Հիմնական ռիսկի գործոնների շարքին են դասվում.
• կենսական դժվարություններն ու ճգնաժամային իրադարձությունները
• ինքնության որոնման և ինքնագնահատականի ձևավորման բարդ գործընթացները
• երկարատև կամ ինտենսիվ հոգեբանական դիսթրեսը
• անբարենպաստ ընտանեկան մթնոլորտը, դաստիարակության խիստ, ավտորիտար կամ անհետևողական մեթոդները
• հասակակիցների ճնշումը և բուլլինգը
• բռնության բոլոր ձևերը՝ հատկապես սեռական բռնությունը
• սոցիալ-տնտեսական դժվարությունները
• սոցիալական մեկուսացումը, խարանավորումն ու խտրականությունը։
Ռիսկը բարձրանում է նաև այն երեխաների և դեռահասների շրջանում, ովքեր ունեն քրոնիկ սոմատիկ հիվանդություններ, աուտիզմի սպեկտրի և նյարդաբանական խանգարումներ, քանի որ այս պայմանները հաճախ ուղեկցվում են սոցիալական ադապտացիայի դժվարություններով և լրացուցիչ հոգեբանական ծանրաբեռնվածությամբ։
ՀՀ առողջապահության համակարգի գործունեության գնահատման ազգային զեկույցի (2023) համաձայն՝ երիտասարդների շրջանում հոգեկան առողջության խնդիրները դառնում են ավելի տարածված, իսկ բազմաթիվ դեպքեր մնում են չախտորոշված և չբուժված։
Ըստ 2025թ․ ԱԱԻ տարեգրքի տվյալների՝ առաջնակի հիվանդացության դինամիկան վկայում է ցուցանիշների արտահայտված աճի մասին։ 0–14 տարեկանների շրջանում ցուցանիշը 2015 թվականի 17,6-ից (100 000 բնակչի հաշվով) աճել է մինչև 56,9՝ 2024 թվականին, այսինքն՝ 3,2 անգամ։
15–17 տարեկանների խմբում ցուցանիշը 72,0-ից հասել է 140,2-ի՝ գրեթե կրկնապատկվելով։
2023 թվականին հոգեկան և վարքային խանգարումները մանկական հաշմանդամության պատճառների կառուցվածքում զբաղեցրել են առաջին տեղը՝ կազմելով 33,4% (2018 թ․՝ 25%), ինչը վկայում է դրանց հարաբերական կշռի աճի մասին։
2024 թվականին 0–14 տարեկանների շրջանում առաջին տեղում է եղել մտավոր հետամնացությունը (173 դեպք), երկրորդ տեղում՝ հոգեբանական զարգացման խանգարումները (127 դեպք), երրորդում՝ մանկական և դեռահասային տարիքում սկսվող հուզական և վարքային խանգարումները (14 դեպք), չորրորդում՝ նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և մարմնաձևային խանգարումները (6 դեպք), իսկ հինգերորդում՝ օրգանական հոգեկան խանգարումները (3 դեպք)։
5–17 տարեկանների խմբում ևս առաջին տեղում է եղել մտավոր հետամնացությունը (89 դեպք), որին հաջորդել են հոգեբանական զարգացման խանգարումները (21 դեպք), հուզական և վարքային խանգարումները (17 դեպք), նևրոտիկ խանգարումները (9 դեպք), շիզոֆրենիան, շիզոտիպիկ և զառանցանքային խանգարումները (8 դեպք)։
Լրացուցիչ տվյալներ են ստացվել HBSC (Health Behaviour in School-aged Children) միջազգային հետազոտության շրջանակներում, որն իրականացվել է Հայաստանում 2017–2018 թվականներին՝ ԱՀԿ աջակցությամբ։ Հարցման տվյալները ցույց են տվել, որ թեև շուրջ 90% դեռահասներ հայտնել են կյանքի նկատմամբ բավարարվածության մասին, 15-ամյա աղջիկների 50%-ը և տղաների 36%-ը շաբաթական մեկից ավելի անգամ նշել են հոգեհուզական վիճակի վատթարացում, 41% աղջիկներ և 22% տղաներ՝ հուսահատության զգացում, մոտ 20%-ը՝ դեպրեսիայի ախտանշաններ, իսկ մինչև 8%-ը՝ ինքնասպանության մտքեր։
2020–2022 թվականներին ՀՀ դեռահասների շրջանում ինքնավնասման դեպքերի թիվը աճել է 5-ից հասնելով 10-ի։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է մինչև 18 տարեկանների 18 ավարտված ինքնասպանություն, որոնց մեծ մասը եղել են տղաներ, մինչդեռ ինքնասպանության փորձերը առավել հաճախ արձանագրվել են աղջիկների շրջանում՝ 34 դեպք՝ 8-ի դիմաց։
«Այսպիսով, մանկական և դեռահասային հոգեկան խանգարումների աճը կայուն գլոբալ և ազգային միտում է։ Խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է միջոլորտային, համակարգային մոտեցում՝ առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների համատեղ և փոխկապակցված մասնակցությամբ։ Համալիր և երկարաժամկետ միջամտությունների իրականացումը կարող է փոխել առկա միտումները՝ նպաստելով ապագա սերնդի մարդկային ներուժի պահպանմանն ու զարգացմանը»,- նշում են կենտրոնից։




















