top of page

24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան

  • 13 hours ago
  • 2 min read

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բաց պաշտոնական տվյալների ուսումնասիրությունը երբեմն վեր է հանում ֆինանսական այնպիսի գործարքներ, որոնք հարցեր են առաջացնում դրամական միջոցների ծագման և դրանց շարժի վերաբերյալ:


Նմանատիպ մի օրինակ է նկատվում Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերում, որտեղ արձանագրված են միևնույն հաշվետու ժամանակահատվածում կատարված խոշոր չափերի փոխադարձ նվիրատվություններ:


Համաձայն պաշտոնական հայտարարագրի՝ Էդուարդ Բաբայանի և նրա դստեր՝ Լիլիթ Բաբայանի միջև նույն տարում տեղի է ունեցել դրամական միջոցների կրկնակի փոխանցում՝ «նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք, դրամական միջոցներ» ձևակերպմամբ։ Առաջին գործարքով՝ Աբովյանի համայնքապետը որպես նվիրատվություն ստացել է 24․000․000 դրամ, որտեղ որպես դրամական միջոցները փոխանցող (եկամտի աղբյուր) նշված է նրա դուստրը՝ Լիլիթ Էդուարդի Բաբայանը:




Երկրորդ գործարքով՝ նույն ժամանակահատվածում արձանագրվել է հակադարձ շարժ. արդեն Էդուարդ Վլադիմիրի Բաբայանի կողմից կատարվել է 28․000․000 դրամի նվիրատվություն (ըստ տվյալների՝ նույնպես դստերը):




Թե որն է միևնույն ընտանիքի ներսում խոշոր գումարներ փոխադարձաբար նվիրելու տնտեսական կամ կենցաղային նպատակահարմարությունը, եթե արդյունքում դրամական հոսքերը գրեթե հավասարակշռում են միմյանց, մեղմ ասած, անհասկանալի է:


Էդուարդ Բաբայանը, ով երկար տարիներ եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն ու ամենամտերիմ վստահված անձանցից մեկը (ում Ծառուկյանը հրապարակավ անվանել է իր ընտանիքի 30 տարվա անդամ), վերջին շրջանում փոխել է իր քաղաքական դիրքորոշումը:


Ըստ մամուլի հրապարակումների և հենց Ծառուկյանի հաստատած տվյալների՝ Բաբայանն այժմ իր քաղաքական աջակցությունն է հայտնել գործող իշխող ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:


Հիշեցնենք՝ Էդուարդ Բաբայանը նախկինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ամենամտերիմ և վստահված անձանցից մեկն էր։ 2026 թվականի հունիսին լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն անձամբ է հայտարարել՝ «30 տարվա իմ ընտանիքի անդամն այսօր Նիկոլ Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել իր հետ խոսել»:


Բաբայանը երկար տարիներ զբաղեցրել է Ծառուկյանի անվտանգության ծառայության պետի, ինչպես նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի (Ծառուկյանի) օգնականի պաշտոնները: Հենց Ծառուկյանի քաղաքական հովանու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շնորհիվ է Էդուարդ Բաբայանը ժամանակին դարձել Ազգային ժողովի պատգամավոր, իսկ ավելի ուշ՝ Աբովյանի քաղաքապետ:



 
 
1/2818
bottom of page