top of page

Մահացել է Գրիգորի Գաբրիելյանցը

9 minutes ago
1 min read

Մահացել է ականավոր գիտնական, պետական գործիչ, բարերար և Արցախի մեծ բարեկամ Գրիգորի Գաբրիելյանցը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունից։


«Իր կյանքի նշանակալի մասը նա նվիրել է նախնիների պատմական հայրենիքին՝ Արցախին՝ մեծ ներդրում ունենալով նրա մշակութային և կրթական կյանքի զարգացման գործում։Նրա անմիջական մասնակցությամբ Շուշիում հիմնադրվեցին Գ. Ա. Գաբրիելյանցի անվան պետական երկրաբանական թանգարանը և Կերպարվեստի պետական թանգարանը։


Նա թանգարաններին նվիրաբերեց իր անձնական հավաքածուների մի մասը՝ հարստացնելով դրանց ֆոնդերը։Նա նաև աջակցել է դպրոցների կառուցմանն ու վերականգնմանը, գրադարանների համալրմանը, Շուշիի պատմական շինությունների վերականգնմանը և մարզական ենթակառուցվածքների ստեղծմանը։


Գրիգորի Գաբրիելյանցը թողել է հարուստ գիտական և հրապարակախոսական ժառանգություն։ Լինելով երկրաբանական և հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարարը՝ նա իր գիտելիքներն ու հնարավորությունները ծառայեցրել է նաև նախնիների հայրենիքի զարգացմանը։


Նրա մահը մեծ կորուստ է Արցախի համար։ Նրա հիմնած թանգարաններն ու հայրենիքին մատուցած ծառայությունները մշտապես կմնան մեր պատմության և մշակութային հիշողության անբաժան մասը։Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը ցավակցություն է հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են իրեն»,- նշում են նախարարությունից։



 
 
1/3023
bottom of page