Փաշինյանը կկարողանա՞ միանգամից երկու աթոռի վրա նստել և անվնաս մնալ
- Elen Hovsepyan

- 42 minutes ago
- 2 min read

Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ Հանրայինի եթերում արած հայտարարությունները՝ կապված Ռուստատանի հետ, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր երկիրը բռնել է արտաքին քաղաքականության երկիմաստ մի գիծ, որը դեռևս պարզ չէ, թե դեպի ուր է գնում։ Մենք ունեք իրականություն, որտեղ հանրային դաշտում պարբերաբար հնչում են հայտարարություններ, որոնք Մոսկվայում ընկալվում են որպես հակառուսական՝ սկսած ՀԱՊԿ-ի գործունեության սառեցումից և ռուսական խաղաղապահ առաքելության հասցեին քննադատություններից մինչև պետական մակարդակով արևմտյան ինտեգրացիայի հռետորաբանության ուժեղացում։ Սակայն նույն իշխանությունն այսօր հայտարարում է, թե իր օրակարգում Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի կարող լինել։
Արդյունքում՝ ստացվում է քաղաքական լղոզված պատկեր, որը կարելի է դիտարկել որպես «և՛-և՛»-ի քաղաքականություն, որը կարող էր դրական ազդեցություն ունենալ, եթե մեր պետությունը հստակ ռազմավարություն ունենար։
Իսկ այս փուլում ուղղակի հարց է առաջանում՝ արդյո՞ք հնարավոր է հայտարարել եվրոպական ինտեգրման ռազմավարության, արևմուտքի հետ սերտ համագործակցության, անվտանգության նոր ճարտարապետության մասին, և միաժամանակ վստահեցնել Ռուսաստանին, որ նրա շահերը չեն վնասվի։ Արտաքին աշխարհում տեղի ունեցող լարված իրադարձությունների ֆոնին նման երկակի ուղերձները կարող են ընկալվել որպես քաղաքական խաղ՝ երկու բևեռների հետ։
Իսկ այս դեպքում «երկու աթոռի վրա նստելու» նման քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է վտանգավոր լինել։ Եթե Արևմուտքում Հայաստանը դիտարկվի որպես ոչ լիարժեք վստահելի գործընկեր՝ ռուսական ուղղությամբ մշտական վերապահումներով, իսկ Ռուսաստանում՝ որպես հեռացող դաշնակից, ապա երկիրը կարող է հայտնվել վստահության վակուումում։ Իսկ արտաքին քաղաքականությունում վստահությունը հաճախ ավելի կարևոր է, քան հռետորաբանությունը։
Այսպիսով, Փաշինյանի վերջին հայտարարությունները ոչ թե հստակեցրին, այլ ավելի ընդգծեցին մեր արտաքին քաղաքականությունում առկա ներքին հակասությունները։ Հայաստանը հայտարարում է, որ գնում է դեպի Եվրոպա, բայց չի ցանկանում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սակայն միջազգային քաղաքականությունը հազվադեպ է հանդուրժում նման մանևրումը՝ առանց հստակ ընտրության։ Հարցը մնում է բաց՝ արդյո՞ք սա հավասարակշռման քաղաքականություն է, և եթե այո, ապա արդյո՞ք այն կբերի ռազմավարական շահի, թե կվերածվի ռիսկային խաղի, որի արդյունքը բնավ այն չի լինի, ինչ ակնկալում է պաշտոնական Երևանը։
Նարե Գնունի




















