top of page

Հայ ժողովուրդը չի մոռանալու՝ ինչ է արել Էմանուել Մակրոնն Արցախի հետ և ինչ է անում հիմա ՀՀ քաղաքացիների հետ. Միհրան Հակոբյան

2 minutes ago
2 min read

«Աբսուրդ է, մարդը երկու ամիս ազատազրկված է հաղորդակցման բոլոր ձևերի արգելքով, միայն նրա համար, որ ֆեյսբուքում գրառումներ է անում։ Եվ սա այն դեպքում, երբ որ բոլորը տեսնում են, թե Հայաստանի իշխանության ղեկին հայտնվածները ինչ բառամթերքով, տոնով, վիրավորանքով ու պիտակավորումներով են խոսում քաղաքացիների մասին»,-«Ադեկվադ» միաբանության հիմնադիր արթուր Դանիելյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Միհրան Հակոբյանը։

Այս իրավիճակում Մ. Հակոբյանն առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց եվրոպական կառույցների լռության և հատկապես «Հայաստանի ներկայիս գործող իշխանությունների եվրոպական տերերի, մասնավորապես Էմանուել Մակրոնի և նրա այդ ղեկավարած, ըստ էության, եվրոպական այդ բանդայի մոտեցումների վրա»։ Դրանք ըստ նրա, իրենց արժանի տեղն են ունենալու Հայաստանի հասարակական կյանքում, մեդիաներում ու նաև պատմության մեջ։

«Էմանուել Մակրոնը, որը Արցախը հանձնելու կնքահայրն էր այս իշխանությունների, ամեն ինչ անում է, որպեսզի այսօր եվրոպացիները, եվրոպական շրջանակները լռեն Հայաստանում տիրող իրավական այս այլանդակությունների մասին։ Ես 42 տարեկան եմ, մասնագիտությամբ պատմաբան եմ, գիտությունների թեկնածու դարձել եմ 23 տարեկանում։ Դրանով զբաղվել եմ ամբողջ կյանքում և Աստված ինձ ինչքան կյանք տվել է, այդքանով շարունակելու եմ զբաղվել։ Եվ ես խոստանում եմ, որ Էմանուել Մակրոնը հայ ժողովրդի պատմության մեջ և ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ հայերի հետ կապված վերաբերմունքում մնալու է այնպիսի իրավիճակում, ինչ որ մնացել է Կայզեր Վիլհելմը կամ Էնվեր փաշան՝ հայերի, հայկական շահերի դահիճ։ Եվ սրանում ես անձամբ հետամուտ եմ լինելու ամբողջ կյանքի ընթացքում»,-ասաց պատմաբան գործիչը։


Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ եվրոպական կառույցների այսօրվա լռությունը Հայաստանում տիրող այս իրավական բեսպրեդելի, այլանդակությունների վերաբերյալ պայմանավորված է միայն ու միայն նրանով, որ Էմանուել Մակրոնը որոշել է Հայաստանում իշխանության պահել Հայաստանի ներկայիս իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։

«Հայ ժողովուրդը ինչպես չի մոռացել, թե ինչ են արել 100 տարի առաջ ֆրանսիացիները Կիլիկիայում, այնպես էլ չի մոռանալու, թե ինչ է արել Էմանուել Մակրոնը Արցախի հետ և ինչ է անում ներկայում Հայաստանի քաղաքացիների հետ»,-ասաց Միհրան Հակոբյանը։


 
 
1/3027
bottom of page