Գերմանիայում դժգոհ ֆերմերները կաթվածահար են արել երթևեկությունը. Շոլցը զգուշացրեց ծայրահեղականների մասին
- Elen Hovsepyan

- Jan 13, 2024
- 1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանգստության և փոխզիջումների գնալու պատրաստակամության կոչ է արել, քանի որ երկիրը բախվում է ֆերմերների բողոքի ակցիաներին, որոնք դժգոհ են վառելիքի իրենց սուբսիդավորումը կրճատելու ծրագրից: Նա նախազգուշացրել է, որ ծայրահեղականները ավելի լայն դժգոհության ֆոնին զայրույթ են հրահրում, հաղորդում է AP-ն:
Գյուղատնտեսությունում օգտագործվող դիզվառելիքի հարկային արտոնությունները չեղարկելու ծրագրի դեմ մեկշաբաթյա բողոքի ցույցերի շրջանակներում ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են երկրի հիմնական ճանապարհներն ու երթևեկությունը:
Նրանք շարունակել են ցույցերը նույնիսկ այն ժամանակ, երբ կառավարությունը մեղմացրեց իր սկզբնական ծրագիրը՝ ասելով, որ գյուղատնտեսական սարքավորումների համար մեքենաների հարկի արտոնությունը կպահպանվի, իսկ դիզելային վառելիքի հարկային վարկերի կրճատումը փուլ առ փուլ կիրականացվի ավելի քան երեք տարվա ընթացքում:
Գերմանիայի կանցլերը տեսաուղերձում ասել է, որ «մենք ի սրտե ընդունել ենք ֆերմերների փաստարկները» և որ կառավարությունը հասել է «լավ փոխզիջման», թեև ֆերմերները շարունակում են պնդել սուբսիդավորման կրճատումների ամբողջական վերացմանը: Նա նաև ասել է, որ պաշտոնյաները կքննարկեն, թե «ավելի ինչ կարող ենք անել, որպեսզի գյուղատնտեսությունը լավ ապագա ունենա»:
Հարկային արտոնությունները վերացնելու ծրագիրը պայմանավորված էր 2024 թվականի բյուջեում մեծ փոս լրացնելու անհրաժեշտությամբ։ Ֆերմերային բողոքի ցույցերը տեղի ունեցան Շոլցի կառավարության հանդեպ ընդհանուր խորը դժգոհության ժամանակ: Շոլցը խոստովանեց մտահոգությունները, որոնք շատ ավելին են, քան գյուղատնտեսական սուբսիդիաները, ասելով, որ ճգնաժամերը, հակամարտությունները և ապագայի վերաբերյալ մտահոգություններն անհանգստացնում են մարդկանց:
Շոլցը հավելել է, որ փոխզիջումը նույնպես ժողովրդավարության անբաժանելի մասն է։ Բայց հիմա, ասաց նա, «զայրույթը միտումնավոր է. ծայրահեղականները դատապարտում են հսկայական մասշտաբի ցանկացած փոխզիջում, ներառյալ սոցիալական ցանցերում, և թունավորում են բոլոր ժողովրդավարական բանավեճերը»:




















