top of page

Հայաստանի և Ադրբեջանի համար իրական հնարավորություն կա՝ առաջընթացը վերածելու երկարատև խաղաղության. ԵԽ գլխավոր քարտուղար

  • 3 hours ago
  • 1 min read

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը այսօր կոչ է արել ավելի մեծ եվրոպական միասնության՝ ի պատասխան աշխարհաքաղաքական մարտահրավերների աճի՝ սկսած ռուս-ուկրաինական հակամարտությունից և Մերձավոր Արևելքում անկայունությունից մինչև միգրացիա և արտաքին միջամտություն։

Խոսելով աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների ու դրա հնարավոր լուծումների մասին Բերսետը ընդգծել է , որ Եվրոպայի աշխարհաքաղաքական ձգողականության կենտրոնը տեղափոխվում է։

«Եվրոպայի աշխարհաքաղաքական ձգողականության կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք՝  39-րդ հյուսիսային զուգահեռականի երկայնքով: Այդ առանցքը անցնում է չորս անդամ պետությունների միջով: Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան գտնվում են Ուկրաինայի պատերազմի, Մերձավոր Արևելքի պատերազմի և Կենտրոնական Ասիայի քաղաքական ու տնտեսական տեղաշարժերի խաչմերուկում, որոնց մասշտաբներըԵվրոպան դեռևս չի յուրացրել»,- ասել է Բերսետը:

Նա նշել է,  որ Վաշինգտոնյան համաձայնագրից մեկ տարի անց  Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրական հնարավորություն առաջընթացը վերածելու երկարատև խաղաղության։ Իսկ  Հայաստանն ու Թուրքիան քայլեր են ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ հավելելով , որ առանց Թուրքիայի մայրցամաքում անվտանգության և նաև ժողովրդավարության մասին զրույցներ տեղի չեն ունենում:

«Կառավարությունների միջև խաղաղությունը բավարար չէ: Այն պահանջում է հասարակությունների միջև վստահություն, իրավունքների հարգանք և հաշտեցումը պահպանելու ունակ ինստիտուտներ, ինչն էլ ապահովում է ընդհանուր իրավական տարածքը: Դրա ուժը կախված է բոլոր անդամ պետությունների կողմից դրա նորմերի պահպանումից՝ առանց բացառությունների, բայց նաև վստահությունից, թափանցիկությունից և կրկնակի ստանդարտների բացակայությունից»,- եզրափակել է նա։

 
 
1/2905
bottom of page