top of page

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

4 hours ago
1 min read

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ, որոնք մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի տրամադրության տակ առկա ԴՆԹ պրոֆիլների հետ, և համընկնումներ չեն հայտնաբերվել: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ Գործընթացը, ըստ կառույցի, տեղի է ունեցել դեռևս 2026-ի հունվարին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին անհետ կորած անձանց հարցերով IV միջազգային համաժողովում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նաղիևը հայտարարել էր, որ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին տրամադրել ԴՆԹ-ի նմուշներ՝ Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված աճյունների նույնականացման համար, որոնք ենթադրաբար պատկանում են հայ զինծառայողների։

Նրա խոսքով՝ այդ տարածքներում հայտնաբերված աճյունների փորձաքննության արդյունքում համապատասխանություն չի հայտնաբերվել հայկական կողմից անհետ կորած համարվող 50 անձանց ԴՆԹ պրոֆիլների հետ։ Նաղիևը նշել է, որ այդ ԴՆԹ պրոֆիլները Հայաստանը փոխանցել է 2026 թվականի հունվարին։

ՀՀ ԱԱԾ-ից Factor TV-ին հայտնել են նաև, որ անհետ կորած անձանց հարազատների ԴՆԹ պրոֆիլներ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել:

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության՝ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող համապատասխան հանձնաժողովների միջև իրականացվում է միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված համագործակցություն»,- հայտնել են ծառայությունից։


 
 
1/2980
bottom of page