top of page

Ի՞նչ է անելու պետական դավաճանության մեջ մեղադրվող Ալեքսանյանի փաստաբանական խումբը

  • 11 hours ago
  • 1 min read


Երեկ հայտնել էինք, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է։ Դատախազությունից MediaHub-ին ասել էին, որ բողոքարկելու են վճիռը։ Այսօր ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ծովինար Խաչատրյանը, սակայն, տեղեկացրել է, որ Աշխեն Ալեքսանյանը ոչ թե արդարացվել է, այլ փոխվել է նրա արարքին տրված իրավական գնահատականը, և խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ։

Մամուլում և սոցցանցերում տարածվող տեղեկատվությունը ներկայացվում է հատվածաբար, ինչի պատճառով առաջանում են թյուրիմացություններ։ Տեղեկատվության ամբողջականության համար նշվում է, որ Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է, և դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ։

MediaHub-ի հետ զրույցում Աշխեն Ալեքսանյանի փաստաբան Աբգար Պողոսյանը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե նախնական մեղադրանքին, այլ դրա փոխարեն առաջադրված՝ ավելի մեղմ մեղադրանքին։

«Կոնկրետ առաջադրված մեղադրանքով է արդարացվել։ Այսինքն՝ «արդարացվել» բառի սկզբունքն այն է, որ այն մեղադրանքը, որով մեղադրում էին, չի հաստատվել։ Սակայն առաջադրվել է մեկ այլ՝ ավելի մեղմ մեղադրանք, ինչին մենք ևս համաձայն չենք և պատրաստվում ենք բողոքարկել»,- ասաց Պողոսյանը։

Պողոսյանը նաև ընդգծել է, որ պաշտպանության դիրքորոշումը մնում է անփոփոխ․ նրա գնահատմամբ՝ գործի շրջանակում առհասարակ հանցակազմ չկա։

Պաշտպանական կողմը պատրաստվում է շարունակել իրավական գործընթացը և վիճարկել դատարանի որոշումը վերադաս ատյաններում։

Ալիտա Եղիազարյան

 
 
bottom of page