top of page

Մելատոնինն օգնում է մեղմել հենաշարժական համակարգի քրոնիկ ցավերը

  • 15 hours ago
  • 2 min read


Անքնության բուժման համար լայնորեն կիրառվող մելատոնինի հավելումները կարող են անվտանգ հավելում դառնալ քրոնիկ ցավերի թերապիայում և օգնել ուժեղ ցավազրկողների պահանջարկը նվազեցնելու համար։ Նման եզրահանգման են եկել Սիդնեյի համալսարանի հետազոտողները, որոնց աշխատության արդյունքները հրապարակվել են «PAIN» ամսագրում։

Գիտնականները պարզել են, որ մելատոնինն ընդունակ է մեղմել հենաշարժական համակարգի քրոնիկ ցավերը, իսկ դրա արդյունավետությունը համադրելի է որոշ տարածված ցավազրկողների, այդ թվում՝ օպիոիդների, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների և պարացետամոլի ազդեցության հետ։ Հետազոտողների գնահատմամբ՝ հենաշարժական ապարատի քրոնիկ ցավերից տառապում է աշխարհի բնակչության մինչև 47 տոկոսը, ուստի նման հասանելի ու էժան միջոցը կարող է էապես փոխել այսպիսի պացիենտների բուժման մոտեցումները։

Հեղինակները վերլուծել են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Եգիպտոսում, Չինաստանում և այլ երկրներում անցկացված 23 պատահականացված վերահսկվող հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակցել է 2028 չափահաս մարդ։ Հետազոտություններում ընդգրկված են եղել մեջքի ստորին հատվածի քրոնիկ ցավեր, օստեոարթրիտ, ֆիբրոմիալգիա ունեցող անձինք, ինչպես նաև վիրահատություններից (այդ թվում՝ հոդերի էնդոպրոթեզավորումից և ողնաշարի վիրահատություններից) հետո ապաքինվող պացիենտներ։

Միջին հաշվով՝ մելատոնինի ընդունումը նվազեցրել է ցավի ինտենսիվությունը մոտ 9 բալով՝ 100 բալանոց սանդղակով, իսկ առավել որակյալ հետազոտություններում այդ ցուցանիշը հասել է գրեթե 10 բալի, ինչը համապատասխանում է մի շարք լայնորեն կիրառվող ցավազրկողների արդյունքին։

Ցավի մեղմացումից բացի, մելատոնինը բարելավել է նաև քնի որակը, ինչը հատկապես կարևոր է, քանի որ քրոնիկ ցավն ու քնի խանգարումները սերտորեն փոխկապակցված են։

«Շատ պացիենտների համար ցավն առանձին գոյություն չունի. այն սերտորեն կապված է վատ քնի հետ։ Մելատոնինը, ըստ ամենայնի, ազդում է միաժամանակ երկու խնդրի վրա էլ, ինչը դրան առանձնահատուկ օգտակար է դարձնում քրոնիկ ցավեր ունեցող մարդկանց համար»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Կանչաո Ուն։

Հետազոտությունների մեծ մասում քրոնիկ ցավերի դեպքում պացիենտներն ընդունել են 3-ից 10 միլիգրամ մելատոնին, առավել հաճախ՝ 3 միլիգրամ՝ քնելուց առաջ։ Հետվիրահատական ցավերի դեպքում դեղաչափը սովորաբար կազմել է 5-6 միլիգրամ։ Ընդ որում՝ հետազոտողները դեղաչափի և ազդեցության ուժգնության միջև կախվածություն չեն հայտնաբերել, ուստի օպտիմալ դեղաչափը նշել առայժմ հնարավոր չէ։

Հեղինակներն ընդգծում են, որ օրգանիզմը լավ է տանում մելատոնինը, այն կախվածություն չի առաջացնում և սովորաբար ուղեկցվում է միայն թեթև կողմնակի ազդեցություններով, ինչպիսիք են սրտխառնոցը, գլխապտույտը և գլխացավը։ Այդուհանդերձ, նրանք խորհուրդ չեն տալիս այն օգտագործել ստանդարտ ցավազրկողների փոխարեն։

Հետազոտողների խոսքով՝ բժշկի հետ խորհրդակցելուց հետո մելատոնինը կարող է դառնալ համալիր բուժման լրացուցիչ բաղադրիչ, հատկապես այն պացիենտների շրջանում, որոնք միաժամանակ տառապում են թե՛ քրոնիկ ցավերից, թե՛ քնի խանգարումներից։

 
 
1/2814
bottom of page