top of page

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ երկու գեներալ

53 minutes ago
1 min read

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ երկու բարձրաստիճան զինվորական։ Այս մասին, հղում անելով երկրի զինված ուժերին, հայտնում է Associated Press-ը։

Զոհվածների թվում են զինվորական դատարանի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուտոմբո Կատալայի Տիենդեն և ԿԴՀ զինված ուժերի գլխավոր աուդիտոր, գեներալ-լեյտենանտ Բակումի Լիկուլիան։

«Երկու գեներալներից բացի, ողբերգական պատահարի հետևանքով զոհվել են պատվիրակության 12 անդամները և անձնակազմը», — հայտարարել է Կոնգոյի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Էֆոմի Էկենգեն։

Օդանավը ԿԴՀ հարավ-արևմուտքում գտնվող Կիկվիտ քաղաքից ուղևորվում էր մայրաքաղաք Կինշասա։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ թռիչքի ընթացքում ի հայտ է եկել տեխնիկական անսարքություն, ինչից հետո ինքնաթիռը վայր է ընկել Կենգե քաղաքի շրջանում։ Բոլոր ուղևորներն ու անձնակազմը տեղում մահացել են։

ԿԴՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության խորհրդի նախագահ Տրիֆոն Կին-Կիեյ Մուլումբան նշել է, որ աղետի բուն պատճառն առայժմ հայտնի չէ։

Զինվորականները հայտնել են, որ արդեն քննություն է սկսվել՝ կործանման հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։

Ավիավթարը տեղի է ունեցել ԿԴՀ արևելքում շարունակվող զինված հակամարտության ֆոնին։ Անցյալ տարվանից Կոնգոյի բանակը մարտեր է մղում բազմաթիվ զինված խմբավորումների դեմ, այդ թվում՝ «M23» ապստամբական շարժման, որը, միջազգային կազմակերպությունների և ԿԴՀ իշխանությունների տվյալներով, վայելում է Ռուանդայի աջակցությունը։

Մի շարք արագընթաց հարձակումներից հետո «M23»-ն ու նրա դաշնակից ուժերը գրավել են երկրի արևելյան հատվածի մի շարք խոշոր քաղաքները։

 
 
1/2939
bottom of page