Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան. Նիկոլ Փաշինյան
- 11 hours ago
- 2 min read

Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի մեկից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։
Ընդ որում, այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ, այսինքն հետվճարի համակարգը արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք։
Ես ուզում եմ նաև պարզաբանել, թե ինչու է որոշումը կայացվում հիմա և ինչի հետ է կապված հենց հիմա որոշում կայացվում։ Առաջինը, դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականի եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում, ավելի բարձր կանխատեսվածից նաև միջազգային կազմակերպությունների կողմից, և սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում և Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում։
Երկրորդ հանգամանքը, որը պակաս կարևոր չէ, հետևյալն է, դուք գիտեք, որ հունվարի 1––ից մենք ներդրել ենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը և, ճիշտն ասած, բավականին մեծ լարվածություն կար, որովհետև անկանխատեսելիության էլեմենտ կար, թե ինչքան, ինչքանով են մեր կանխատեսումները համապատասխանում և բյուջետային հատկացումները որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար։
Հունվարի և փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումը այնուամենայնիվ ճիշտ է եղել, բայց ուզում եմ ընդգծել նաև, որ այս որոշումը մենք կայացնում ենք առաջին հերթին Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ, նաև այն քաղաքացիների շնորհիվ, որոնք որևէ բան գնելիս, ձեռք բերելիս չեն մոռանում ՀԴՄ կտրոն պահանջել և վերցնել։ Եվ, իհարկե այն տնտեսվարողների շնորհիվ, որոնք անկախ նրանից, թե գնորդը պահանջում է, իրենք ՀԴՄ կտրոն բաց են թողնում և հատկացնում են, ինչպես նախատեսված է օրենքով։ Սա շատ կարևոր տրամաբանական շղթա է, աշխատանք, վճարված հարկեր, կենսաթոշակներ։
Ուզում եմ նաև ընդգծել, որ հենց իրենք՝ թոշակառուները այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետև հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում, այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում կրճատվի։
Երկրորդը, որը ամենևին պակաս կարևոր չէ իրենց պետությունը, իրենց պետության անկախությունը, ինքնիշխանությունը և իհարկե հետագա զարգացումը ապահովելու հնարավորությունը, և այսպիսով ապրիլի մեկից թոշակները կավելանան։ Ավելի մանրամասն հաշվարկները ավելի ուշ կներկայացնենք։
Մենք լիարժեքորեն կկատարենք և կիրագործենք նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու և միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու մեր հանձնառությունը, որ մենք պիտի կատարեինք մինչև 2026 թվականի հունիսը։ Մենք այսպիսով այդ այդ հանձնառությունը կատարում ենք աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ, շնորհակալ եմ, լավ եղեք»։




















