Վարդան Ղուկասյանի կալանքի մասին դատալսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին, որոշումը կհրապարակվի ժամը 09:45–ին
- Elen Hovsepyan

- Oct 21
- 1 min read

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի մասին դատական լսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին, որոշումը կհրապարակվի այսօր ժամը 09:45–ին։ Այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Երեկվանից Հակակոռուպցիոն դատարանը քննում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը։
Նշենք, որ երեկ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված Հակակոռուպցիոն դատարանի բակում։ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդություննը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնել էին, որ Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։
Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երեևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։




















