top of page

Նիկոլ Փաշինյանի պես քաղաքական հայր ունենալը պատիվ է, նիկոլական լինելն էլ. ՔՊ-ական պատգամավոր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 2
  • 2 min read
ree

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը Հովհաննավանքում արձագանքել է հավաքվածների և լրագրողների հարցերին՝ շեշտելով, որ «նիկոլական» ձևակերպումը վիրավորական չէ և չի կարող բաժանել Հայաստանի քաղաքացիներին։

«Այստեղ կա Հայաստանի Հանրապետությունը, այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Ինչո՞ւ եք ասում՝ նիկոլական։ Մենք բոլորս էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք»,- ասել է Պալյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակից լինելը ոչ թե ամոթ, այլ պատիվ է․ «Նիկոլական լինելը պատիվ է և ոչ ամոթանք։ Մեր վարչապետը մեր երկրի ղեկավարը, մեր առաջնորդն է, և մենք պարտավոր ենք հարգել նրան որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նիկոլ Փաշինյանը վայելում է Հայաստանի քաղաքացիների սերն ու վստահությունը», - նշել է պատգամավորը։

Էմմա Պալյանը շեշտել է, որ ինքը չի խուսափում վարչապետի անունը հնչեցնելուց․ «Ինչի՞ ուրիշների մասին խոսելիս ասում եք Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան, իսկ երբ խոսում ենք վարչապետի մասին՝ ասում եք պարզապես Նիկոլ։ Ասեք՝ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Մենք չենք խորշում ասել՝ Նիկոլ Փաշինյան, մեծարգո վարչապետ», - նշել է պատգամավորը։

Քննարկման ընթացքում քաղաքացու և պատգամավորի միջև տեղի է ունեցել բանավեճ, երբ հավաքվածներից մեկը հայտարարել է, որ այստեղ հավաքվել են «նիկոլականներ»։ Պալյանն արձագանքել է․ «Այստեղ հավաքված են Հայաստանի Հանրապետության հոգևոր արժեքներ կրող քաղաքացիները։ Իսկ եթե ձեր ձևակերպմամբ դա նշանակում է նիկոլական՝ ուրեմն դա պատիվ է, ոչ ամոթանք։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, և մենք շատ ենք հարգում մեր վարչապետին»,- ասել է նա։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ իշխանության գործողությունները քաղաքական հակառակորդների մեղադրանքներից տարբերվում են․ «Խնդրում եմ՝ ձեր քաղաքական հայրերի ձեռագիրը մեզ չվերագրեք։ Մենք վերջ ենք տվել այդ ձեռագրին։ Ես հիմա անուններ չեմ տա, բայց քաղաքացիներն իրենք արդեն խոսեցին այդ մասին», -նշել է նա։

Էմմա Պալյանը վստահեցրել է, որ գործող իշխանությունը շարունակում է վայելել ժողովրդի վստահությունը և պատրաստվում է հերթական հաղթանակին․ «Վստահ եմ, որ 2026 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մենք նորից ստանալու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայների մեծամասնությունը։ Թվանկարչությամբ մենք երբեք չենք զբաղվել։ Մենք լեգիտիմ ճանապարհով ենք գալիս, որովհետև ամեն օր աշխատում ենք ժողովրդի հետ», - ընդգծել է պատգամավորը։

Քաղաքացիների հնչեցրած քննադատություններին ի պատասխան՝ Պալյանը հավելել է․ «Ես ձեզ չեմ վիրավորում։ Ես պարզապես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական առաջնորդ ունենալը պատիվ է։ Իսկ ես ինքս քաղաքական հայր չունեմ։ Իմ հիմքում քաղաքացիների հետ ամենօրյա շփումն է և իմ աշխատանքի արդյունքը», - եզրափակել է նա։

 
 
1/2407
bottom of page