top of page

ԽԱՂԱՂԱՐԱ՞Ր, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ՀՐԱՀՐՈՂ. ԹՐԱՄՓԻԶՄԻ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 days ago
  • 3 min read


Քաղաքական ու փորձագիտական շրջանակները, համաշխարհային գործիչներն ու մասմեդիան շարունակում են «գլուխ կոտրել» այն դիսկուրսի վրա, թե իրականում ով է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խաղաղարար առաջնո՞րդ, որը մշտապես պարծենում է մի քանի պատերազմ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական երկարամյա հակամարտությանը վերջ դնելու իր հերոսությամբ, շարունակում ջանքերը՝ ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ, թե՞ պատերազմներ հրահրող մեկը՝ հաշվի առնելով նրա նոր պաշտոնավարման շրջանում մի քանի երկրի նկատմամբ սպառնալից քաղաքականությունը, Կանադան ու Գրենլանդիան ԱՄՆ-ին բռնակցելու ծրագրերը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առեւանգելն ու ԱՄՆ-ում կալանավորելը, համանման սցենարը Կոլումբիայի, Բոլիվիայի, Մեքսիկայի դեպքում չբացառելը, Կուբայի վախճանի մասին հայտարարելը, Իրանի վրա հարձակվելու ծրագրերը եւ այլն, եւ այլն։ Հիշում եք՝ անցյալ ամիս նա հրապարակավ դժգոհություն արտահայտեց, եթե ոչ՝ նեղացած «մուննաթ եկավ» իրեն Նոբելյան խաղաղության մրցանակ չշնորհելու համար։ Իսկ նա բազմիցս է պնդել, թե արժանի է այդ պարգեւին՝ իր խաղաղարար ջանքերի ու նախաձեռնությունների համար, եւ այդ հարցում, ի դեպ, նրան սատարեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը։ Թրամփն արժանին մատուցեց երկուսին՝ երախտագիտություն հայտնելուց զատ, պաշտոնապես երկուսին էլ հրավիրեց իր նախաձեռնությամբ ստեղծված՝ Գազայի հարցով խաղաղության խորհուրդ, որին շատերն արդեն անվանում են ՄԱԿ-ի այլընտրանք։



Նորվեգիայի հետ կապված, ինչպես նշեցինք, Թրամփը նամակ գրեց այդ երկրի վարչապետին, թե այլեւս չի զգում «պարտավորություն՝ մտածել բացառապես խաղաղության մասին»՝ այն բանից հետո, երբ Նորվեգիան «որոշեց չշնորհել» իրեն Խաղաղության նոբելյան մրցանակը: Բացի այդ, նա կասկածի տակ է դրել Դանիայի իրավունքը Գրենլանդիայի նկատմամբ․ «ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ Դանիային ասում է. «Դուք պետք է վերացնեք Գրենլանդիայում ռուսական սպառնալիքը»։ Դժբախտաբար, Դանիան ոչինչ չի կարողացել անել՝ դրա հետ կապված։ Հիմա ժամանակն է, եւ դա կարվի»։ Վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հաստատել է, որ ստացել է նամակը՝ նշելով, որ այն պատասխանն էր ԱՄՆ նախագահին՝ իր եւ Ֆինլանդիայի նախագահի անունից ուղարկված կարճ հաղորդագրությանը։ Միաժամանակ, նա շեշտել է, թե Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհում է ոչ թե պետությունը, կառավարությունը, այլ՝ Նոբելյան կոմիտեն։ Ինչ վերաբերում է Գրենլանդիային, Թրամփը պնդում է, որ կղզին կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ անվտանգության համար, եւ Վաշինգտոնը կստանա այդ տարածքը։ Գրենլանդիայի հարցում Դանիային սատարելու համար Թրամփը սպառնաց բարձրացնել մաքսատուրքերը եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ մերձավոր դաշնակից Մեծ Բրիտանիայի համար։ Եվրոպացի առաջնորդներն իրենց հերթին նշում են, որ ԱՄՆ-ն անցել է սահմանը՝ մաքսատուրքերը բարձրացնելու իր սպառնալիքներով:


Մեծ Բրիտանիան արտահայտել է իր դեմ լինելը Թրամփի ծրագրերին, իսկ ԵՄ-ն սպառնում է դրանց պատասխանել տնտեսական միջոցառումներով: Խոսվում է նաեւ, որ ԵՄ անդամ երկրների առաջնորդները փակ չաթ են ստեղծել, որտեղ հաճախակի քննարկում են Թրամփին հակազդելու միջոցառումները։ Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահը հետ է կանչել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղարկված հրավերը՝ մասնակցելու իր կողմից կազմված Խաղաղության խորհրդին. «Թող այս նամակը տեղեկացնի, որ Խաղաղության խորհուրդը հետ է կանչում իր հրավերը Ձեզ՝ կապված Կանադայի մասնակցության հետ. դա կլինի ամենահեղինակավոր Առաջնորդների խորհուրդը, որ երբեւէ հավաքվել է»։ Կանադան ավելի վաղ հայտնել էր, որ չի վճարի խորհրդում լինելու համար, բայց կմիանա դրան։ Ի սկզբանե Խաղաղության խորհուրդը պետք է զբաղվեր Գազայի հատվածում հակամարտությունից հետո անկլավի կառավարմամբ, ռազմական հակամարտության հետեւանքների վերացմամբ, սակայն ԱՄՆ-ն ցանկանում է, որ խորհուրդն օգնի նաեւ աշխարհի այլ հակամարտությունների լուծմանը։ Խորհրդի անդամներն ընտրվում են երեք տարի ժամկետով, իսկ այն անդամները, որոնք կանոնադրության՝ ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում Խաղաղության խորհրդին կհատկացնեն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար, կունենան մշտական անդամակցության իրավունք։ Սակայն խորհրդին անդամակցության պրոցեսն այնքան հարթ ու արագ չի ընթանում, որքան թվում է Թրամփին, նույնիսկ Ռուսաստանը ժամանակ է վերցրել՝ իր անդամակցության հարցի շուրջ մտորելու համար։ Պատերազմի եւ խաղաղության հարահոսում ակնհայտ է նաեւ, որ Թրամփի համար այս նախաձեռնությունը կոնկրետ կապիտալ է, ԱՄՆ-ի համար՝ հավելյալ առեւտրի ու եկամտի աղբյուր, կարճ ասած՝ նյութական արժեք, իսկ գուցե՝ առաջին հերթին հենց այդպիսին։



 
 
1/2571
bottom of page