Եթե պատերազմող երկրում ոստիկանի աշխատավարձը ավելի բարձր է, քան զինվորականինը, ուրեմն երկիրը թշ նամին ներսից է զավթել
- Elen Hovsepyan

- 2 days ago
- 2 min read

Երբ մարդու սոցիալական վիճակը չի գնահատվում ըստ նրա ստացած կրթության, գիտելիքի, հասարակության մեջ ստեղծվում է խտրական մոտեցում, անարդարություն, որտեղ մարդիկ գերադասում են, ոչ թե իրենց աշխատանքով զբաղվել, այլ զբաղվում են ըստ սպառողի տեսանկյունից, ու հասարակությունները դառնում են ոչ թե ստեղծարար, այլ սպառող։
Սոցիալական անարդարությունը մեր հասարակության մեջ անողոք երեւույթ է։
Մենք մինչեւ չհասկանանք ու չգիտակցենք, որ քաղաքացին միմիայն իրավունքներ ունի, իսկ իշխանությունները պարտականություններ, ոչնչի չենք հասնելու։
Իսկ քաղաքացին մեր մեջ շատ թույլ է նստած։
Կրթության, գիտության աշխատողները այնքան քիչ են վաստակում, որ շատերը գերադասում են իրենց աշխատանքով չզբաղվել, իսկ գիտությամբ զբաղվող հատկապես երիտասարդները լքում են Հայաստանը։ Օրինակ, պարգեւավճարներ ստանում են ավտոբուսի վարորդները։ Դա արդեն խիստ խտրական է, երբ ավտոբուսի վարորդները գնահատվում են, իսկ մյուս ոլորտներում աշխատող մտավոր աշխատանքը ո՛չ։ Այսինքն վարորդին ավելի են գնահատում, քան գիտնականին։
Սա մի կողմ, իսկ օրեցօր առաջին անհրաժեշտության ապրանքների գները այնպես է թանկանում հատկապես տոներին ընդառաջ, որ միջինում մարդը ամսվա ընթացքում ծախսում է ու իրեն բավականացնում ոչ թե ամսվա իրեն հասանելիք աշխատավարձը, այլ ամսվա կեսից մնում է դատարկ գրպանով։
Երկրում կարող էր, չէ՞ այս ամիսների ընթացքում որոշակի չափով խնդիրներ կարգավորվեր, թե ոչ.. իհարկե կարող էր։ Բայց մենք այս ամիսներին ընկանք ինքներս մեզ, մեր ինքնության ու գոյության ինքնապաշտպանական գործողություններով։
Երբ երկրիդ իշխանությունը այն աստիճան բարոյազուրկ է, որ քեզ զբաղեցնում է, որ քեզ պաշտպանես ոչ թե արտաքին, այլ ներքին խառնակչության, ինքդ քեզ գոյության կռվի մեջ գցելով։
Կարծես հիմա արդեն պետք է վերջ տալ գոհաբանական ճառերին՝ ուղղված այսօրվա անհատներին, ինչ֊ինչ հարցերի ու ակնկալիքների համար, պետք է ծնկի չգալ ու պայքարել։ Բայց երբ տեսնում ես, որ իշխանությունները անարդարություններն ու ապօրինությունները «օրինականացնում» են, մնում ես փոշման։
Բռնապետին հատուկ բանագնացի հոգեբանության տեր այս մարդը, զբաղված է քո ազգային նկարագիրը վերացնելու, քո գոյությունը, այլեւս անկարեւոր է։
Մտահոգ քաղաքացին չի կարող լուռ նստել, այլ փոխարենը պետք է այլեւս ճնշում գործադրի իր իրավունքների համար։ Իսկ նորմալ երկրներում, ընդդիմության անելիքները այնքան կարեւոր են, որ ընդդիմությունը իշխանության վրա միշտ հաղթ է, որ իշխանությունները սթափ լինեն, ու չփչանան.. Իսկ իշխանությունը միշտ զգուշավոր է վարվում ընդդիմության հետ։ Մեզ մոտ ամեն ինչ ճիշտ հակառակն է, որովհետեւ ո՛չ օրենքն է գործում, ո՛չ արդարադատությունն է գործում, ո՛չ մարդը արժեք է այլեւս իրենից ներկայացնում, ո՛չ, ո՛չ... Ամենը «բեսպրիդելի», վախի, շանտաժի վրա է։ Իսկ եթե դու չես կարող այնքան արժանապատիվ գտնվել, ու հայրենիքը գերադասել քո անձից, դառնում ես իշխանության ձեռքի խաղալիք, որը վերջում քեզ օգտագործելուց հետո պատժելու է։ Ինչպես որ պատժելու է այն տասը տիրադավ «սրբազաններին», որն հիմա լավ օգտագործում է ի շահ թշնամու։
Մենք անընդհատ ասում ենք, որ պետք է փոխվի կառավարման համակարգը, (համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ։ Սոցիալական ծրագրերից, մինչեւ արդարության վերականգնում) այդ համակարգը վերջին յոթ տարվա մեջ իշխել է ընդամենը երկու անձ Նիկոլ-Աննա, կամ Աննա հետո նոր Նիկոլ, (պարագլուխը դրսից թելադրող), իրենց անձնական քաղաքական ու տնտեսական շահերը սպասարկելով։
Եթե պատերազմող երկրում ոստիկանի աշխատավարձը ավելի բարձր է, քան զինվորականինը, ուրեմն երկիրը թշնամին ներսից է զավթել։
Միով բանիվ, հիմա կարեւորը էժանով բենզինի գինն է կարեւոր։ Սկզբում որակով ու էժան բենզինը կգրավի մարդկանց ուշադրությունը, հետո թշնամին լավ գիտի իրենից կախվածություն մեջ ընկնողի հետ ոնց վարվի։
Այնպես որ էժան բենզինը իր «գինը» ունի։ Իսկ եթե դու ազգային անվտանգություն չունես, քեզ ադրբեջանական էժան բենզին չէ, այլ ծառայություններ էլ կառաջարկեն, որը հնարավոր է սկզբի համար հաճելի լինի, հետո` ճակատագրական. Իսկ ո՞վ է տեր, որ վաղը հենց այդ էժան բենզինը չի վերացնելու եւ խթանելու քո տրանսպորտային, երթեւեկության.. տեղաշարժը։
Արթուր Հայրապետյան




















