top of page

2025-Ի ՑԱՎԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ. ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ, ԲԺԻՇԿՆԵՐ, ՀԱՆՐԱՅԻՆ ԴԵՄՔԵՐ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3d
  • 4 min read
ree


Կյանքի ու մահվան հարապտույտում անցնող տարին եւս բոթաբեր էր՝ կորուստներով լի։ Հեռացողների թվում մեր հայտնի հայրենակիցներն էին, մարդիկ, որոնք իրենց կենսագործունեությամբ ուրույն հետագիծ են թողել թե՛ իրենց սիրելիների, թե՛ իրենց ճանաչողների եւ թե՛ հասարակության լայն շրջանում։ Եվ նրանց հիշելն ու հիշատակելը մարդկային պարզ գնահատանքի նշան է։

Բնականաբար, անհնար է հիշել բոլոր նրանց, որոնք լքել են այս աշխարհը։ Այդուհանդերձ, հիշենք մի քանիսին.



ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ


2025-ի սկիզբը եղերական եղավ հայրենասեր մի գործչի համար, որի պայքարն ու առաքելությունը Հայաստանի եւ Արցախի ճակատագիրն էր։ Ցավոք, սեփական ճակատագիրն էլ նույնքան ողբերգական էր, որքան իր հայրենիքինը։ Հունվարի 13-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։ Սահակյանի մարմինը հայտնաբերվել էր ձորն ընկած մեքենայում։ Մհեր Սահակյանը ծնվել է 1988թ., 2022-ից ընդդիմադիր խմբակցության անդամ էր։


ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ


2025-ի հունիսի 24-ը դարձավ նրա կյանքի վերջին օրը՝ կյանքից հեռացավ հայկական թատերարվեստի եւ կինոյի անզուգական հսկաներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Նա 1958 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1959 թթ.՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երեւանի պատանի հանդիսատեսի, 1967-ից՝ Երեւանի դրամատիկական թատրոնների դերասան է եղել։ Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշեւ (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդի»)։ Կինոյում նկարահանվել է 1964-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։


ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆ


Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի կինոռեժիսոր, հեռուստատեսային հաղորդավար Տիգրան Քեոսայանի մահվան լուրը հայտնի դարձավ 2025 թ. սեպտեմբերի 26-ին։ Նա 59 տարեկան էր։ 2024 թվականի դեկտեմբերին սրտի կաթված ստացավ, ծանր վիճակում հոսպիտալացվեց, իսկ մի քանի օր անց՝ 2025 թվականի հունվարի 9-ի գիշերը կլինիկական մահ ապրեց։ Բժիշկներին հաջողվեց վերականգնել նրա սրտի աշխատանքը, սակայն վերակենդանացման միջոցառումներից հետո ռեժիսորը կոմայի մեջ ընկավ։ Մի քանի ամիս Քեոսայանը գոյատեւում էր կենսապահովման սարքերի միջոցով։ Երբեմն սկսում էր արձագանքել արտաքին ազդակներին։ Նրա կինը՝ «Ռոսիա թըդեյ մեդիահոլդինգի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, երկար ժամանակ հրապարակային հայտարարություններ չէր անում ամուսնու առողջական վիճակի մասին եւ որոշեց խոսել միայն այն ժամանակ, երբ լրագրողների շրջանում սկսեցին տարածվել տեղեկություններ։ Նա գործնականում չէր հեռանում ամուսնուց, իսկ մահվանից հետո խոստովանեց, որ կորստի ցավն անտանելի է, բայց դիմանում է՝ հանուն իր երեխաների։ Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ Մոսկվայի Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում։


ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆ


Նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ վախճանվել է խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, Մոսկվայի «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։ Օլիմպիական չեմպիոնի մահվան մասին հայտնել էր Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։ Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին դարձել էր 99 տարեկան։ «Սպարտակի» 9-րդ համարը ակումբի կազմում խփել է 160 գոլ՝ ավելի քան վեց տասնամյակ մնալով անհասանելի ռեկորդակիր: Ակումբի թանգարանում Սիմոնյանին նվիրված է առանձին տաղավար, որի վրա հազիվ են տեղավորվում նրա բազմաթիվ մրցանակներն ու գավաթները: Սիմոնյանն ավարտել է կարիերան փառքի բարձունքում։ Արտասահմանյան լրատվամիջոցները նրան անվանել են մոլորակի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը: Կարիերան ավարտելուց հետո Սիմոնյանը հաջողության է հասել նաեւ որպես մարզիչ. Մոսկվայի «Սպարտակի» հետ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունը 1962 եւ 1969 թվականներին, իսկ 1973 թվականին նրա գլխավորությամբ Երեւանի «Արարատը» հաղթանակ է տարել ԽՍՀՄ առաջնությունում եւ Գավաթում, պատմություն, որն իրավամբ հայկական ֆուտբոլի ոսկե դարն է, իսկ դրա կերտողներից մեկը հենց Սիմոնյանն էր։ Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակի» կազմում մի քանի անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ դարձել ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: ԽՍՀՄ հավաքականի առաջին գոլի հեղինակն է աշխարհի առաջնություններում (Շվեդիայում, 1958 թ.): Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը Նիկիտա Սիմոնյանին շնորհել էր Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում՝ ռուսական ֆուտբոլի զարգացման եւ մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաեւ՝ պետությանը մատուցած հատուկ ծառայությունների համար:


ՎԱՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Բախտի չար հեգնանքով, նույն օրը՝ նոյեմբերի 24-ին, ցավալի լուր ստացվեց հայկական մարզաշխարհի մեկ այլ հանրահայտ ներկայացուցչի մահվան մասին։ 39 տարեկանում կյանքից հեռացավ տիտղոսակիր բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը։ Ըստ The Ring պարբերականի՝ մահվան պատճառը քաղցկեղն է, որի դեմ մարզիկը պայքարում էր վերջին շրջանում։ Մարտիրոսյանն իր մարզական ուղին սկսել է օլիմպիական ռինգից՝ 2004 թվականին ներկայացնելով ԱՄՆ-ն Աթենքի օլիմպիական խաղերում։ 20 տարեկանում սկսել է պրոֆեսիոնալ կարիերան՝ նվաճելով WBA International, WBC Silver եւ WBO Inter-Continental տիտղոսները առաջին միջին քաշային կարգում։ Բռնցքամարտիկը երեք անգամ մենամարտել է աշխարհի չեմպիոնի կոչման համար (երկու անգամ՝ առաջին միջին, մեկ անգամ՝ միջին քաշային կարգում), սակայն բոլոր դեպքերում պարտություն է կրել։ Կարիերայի վերջին մենամարտը Վանեսն անցկացրել է 2018 թվականին՝ միջին քաշային կարգի միավորված տիտղոսների համար պայքարում` երկրորդ ռաունդում նոկաուտով զիջելով լեգենդար Գենադի Գոլովկինին։ Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ ռինգում Վանես Մարտիրոսյանն անցկացրել է 41 մենամարտ՝ գրանցելով 36 հաղթանակ (21-ը՝ նոկաուտով), 4 պարտություն եւ 1 ոչ-ոքի։


ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՀԱԿՅԱՆ


Դեկտեմբերի 6-ը հերթական ծանր ու սեւ ամսաթիվն էր հայ հանրության համար։ Բազմաթիվ մարդկանց կյանքը փրկած Մարդն անզոր է փրկել սեփական կյանքը՝ 72 տարեկանում կյանքից հեռացավ անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ Հրաշագործ բժիշկը «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարն էր, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչը։ Սահակյանի ղեկավարած թիմի շնորհիվ մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ են կատարվել։ 1984 թվականից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ: Նրա բուժառուները ոչ միայն Երեւանից ու մարզերից էին, այլեւ տարբեր աշխարհամասերից: Ի դեպ, պլաստիկ եւ միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարած վիրաբույժ Սահակյանը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն:


ԼԵՎՈՆ ՕԳԱՆԵԶՈՎ


Դեկտեմբերի 13-ին, Նյու Յորքում երկնային ուղին բռնեց խորհրդային դաշնակահար ու կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեւոն Օգանեզովը: Դերասանի մահվան մասին սոցցանցերում հայտնել էր նրա դուստրը՝ Մարիան։ Երաժիշտը կյանքից հեռացել է օնկոլոգիական հիվանդության դեմ երկարատեւ պայքարից հետո: Նա դեկտեմբերի 25-ին կդառնար 85 տարեկան։ Օգանեզովը համագործակցել է բազմաթիվ հայտնիների՝ Կլավդիա Շուլժենկոյի, Վալենտինա Տոլկունովայի, Իոսիֆ Կոբզոնի, Անդրեյ Միրոնովի հետ։ Նկարահանվել է մի քանի ֆիլմում, այդ թվում՝ «Անձրեւի հետքը» ու «Ննջասենյակի բանալին», աշխատել է որպես հեռուստահաղորդավար։

Կորուստների շարքը, իհարկե, այսքանով չի սահմանափակվում։ Հուսանք՝ տարին առանց նոր կորստի կճանապարհենք։


»

 
 
bottom of page