top of page

ՀԱՂԹԱՆԱԿԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆԸ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 3 min read

Հայոց եկեղեցու դեմ վարչապետի պաշտոնից կառչած անձի նախաձեռնած պայքարում վերջինս օգտագործում է պատերազմական բոլոր հնարավոր միջոցները: Դա այդպես էլ պետք է լիներ այն պատճառով, որ, նախ, այդպես է հրամայվել Բաքվից՝ Փաշազադեի կողմից: Երկրորդ, գործը սկսելուց հետ այն պետք է հասցվի ավարտին: Որովհետև դա կիսատ թողնելը հղի է վտանգով: Նախ, խիստ կբարկանան Բաքվում, ինչը չի կարելի թույլատրել, և ապա, դա կարող է հանգեցնել իշխանության կորստին: Այդ ամենը գիտակցելով՝ այդ պատերազմում ինքը գնալու է մինչև վերջ: 



Սակայն որպեսզի այդ վերջը լինի նրա իշխանության վերջը, եկեղեցին պետք է վերջապես ընդունի, որ պատերազմում պետք է վարվել այնպես, ինչպես ընդունված է պատերազմներում: Կամ, ինչպես ռուսական առածն է ասում, «На войне как на войне»: Դա նշանակում է, որ պետք է պատժվեն տիրադավ (արք)եպիսկոպոսներն ու քահանաները: Քանի որ նրանց հանդեպ եկեղեցու մեղմ և ներողամիտ վերաբերմունքն արդյունք չի տալիս: Ավելի ճիշտ, տալիս է հակառակ իմաստով. գնալով ավելի են լկտիանում: Եվ գնալով ավելանում է տիրադավների քանակը՝ պայմանավորված իշխանության և հատկապես ոստիկանության աջակցությամբ: 


Իսկ դա, իր հերթին, հանգեցնում է այն բանին, որ հակառակորդներն ավելի են համոզվում իրենց «իրավացիության» մեջ: Ինչն էլ, իր հերթին, նպաստում է, որպեսզի հավաքագրվեն սատանայի լրացուցիչ հետևորդներ: Դրա դեմը կա միայն մեկ գործուն միջոց. բոլոր տիրադավներն, առանց բացառության, անմիջապես պետք է կարգալույծ արվեն՝ անկախ իրենց կարգավիճակից: Միևնույն է, նրանք արդեն չեն կարող վերադառնալ եկեղեցու գիրկը: Իսկ եթե նույնիսկ վերադառնան՝ դրանք կլինեն միայն անպետք բալաստ, այն էլ լավագույն դեպքում: Բայց ավելի շուտ՝ եկեղեցու, որպես սոցիալական կառույցի, հիմքում դրված՝ դանդաղ գործողության ռումբ:


Հասկանալի է, որ գործող իշխանությունը հեշտ ու հանգիստ չի ընդունի տիրադավներին կարգալույծ անելու հանգամանքը: Թեթև ընդունի, թե ոչ, բայց ինչ կարող էր անել՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն արել է: Իրավապահները թող մեկ հայցադիմումի փոխարեն ունենան տասը կամ մի քանի տասնյակ հայցադիմում՝ դրանից գործի էությունը չի փոխվելու: Դիմումների ավելացումն, ի դեպ, հասկանալի էր էն գլխից, բայց զարմանալի էր, թե ինչու իշխանությունը չի գնում այդ քայլին: Կարգալույծ քահանաներից Ասատրյան Ստեփանի և Թախմազյան Արամայիսի կողմից դատական հայց ներկայացնելը ոնց որ թե ուղղում է այդ «բացթողումը»: Կարելի է ենթադրել, որ շուտով դա կարող է վերածվել կրկեսի (հայրենիքը կրկեսի չվերածելու պատգամը հիշենք)՝ սատանայի կողմն անցած հոգևորականների հայցերի հեղեղի տեսքով: Ինչևէ, տասնյակ դատական որոշումների առկայությունը  ներքին և արտաքին լսարանի համար կունենա լեթարգիական քնից արթնացնող ազդեցություն: Ինչը միայն կնպաստի եկեղեցու դիրքերի ամրապնդմանը:  


Եվ, վերջապես, հիշենք մեկ էական հանգամանքի մասին. պատերազմի ժամանակ չեն հետևում կառավարման կոլեգիալության սկզբունքին: Պատերազմը պահանջում է մեկ անձի ղեկավարություն՝ մեկ-երկու խորհրդատուով: Ինչը տվյալ դեպքում նշանակում է, որ եթե գործող իշխանությունը սահմանափակումներ է դնում կոլեգիալ որոշումներ ընդունելու կազմակերպչական հարցերում, ապա պետք է հրաժարվել դրանից: Ընդ որում, ինչպես արգելք դրվեց վեց հոգևորականների՝ Ավստրիա ուղևորվելու վրա, այնպես էլ, ենթադրաբար, տեխնիկական միջոցներով կսահմանափակի քննարկման օնլայն ձևաչափը: Կարծում եմ, որ նրան այդ հարցում կօգնեն հատկապես եվրոպական «ժողովրդավարները»: Ովքեր նրան արդեն նվիրել են 15 միլիոն եվրո: Եվ թքած ունեն Հայաստանի պես երկրներում իրական ժողովրդավարության կայացման վրա:


Այնպես որ, Վեհափառը, միևնույն է, այլևս ճար չունի. նա կա՛մ հեռանալու է, կա՛մ պետք է հաղթի իրեն պարտադրված պատերազմում: Սակայն գործուն միջոցների չդիմելու դեպքում հաղթանակ չեն տանում: Նրա պարտության դեպքում հունիսի 7-ին մեծ հավանականությամբ կպարտվի Հայաստանը՝ արտաքին և ներքին թշնամիների դեմ պատերազմում: Իսկ եթե Վեհափառն ակտիվություն դրսևորի, ապա ինչ էլ պատահի նրա հետ՝ դա բերելու է հաղթանակի: Չեմ կարծում, թե նրան կյանքից կզրկեն՝ Նիկոլն այդ քայլին գնալ չի համարձակվի: Մնացած բոլոր դեպքերում հաղթանակը լինելու է Վեհափառինը, ինչպես նաև հայոց եկեղեցունը: Եվ վերջապես հաղթանակը լինելու է հայ ժողովրդի գրագետ ու հայրենասեր հատվածինը, այսինքն՝ ողջ հայ ժողովրդինը: Քանի որ այդ հաղթանակի պտուղներից օգտվելու է ողջ հայ ժողովուրդը:



 
 
1/2570
bottom of page