«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
- Elen Hovsepyan
- Oct 26, 2024
- 1 min read

Ինչպես MediaHub-ն արդեն հայտնել էր, «Բալասանյան դաշինքը» շուտով մանդատները վայր է դնելու, քանի որ Փաշինյանն, ամեն դեպքում, չի հարմարվում հանգամանքին, որ ՔՊ-ն այնտեղ բացարձակ իշխանություն չէ․ դե, Վանաձորի ու Ալավերդու օրինակով։
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկի դիմումներ է ստացել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակում ընդգրկված 5 ավագանու անդամների թեկնածուներից՝ Հովսեփ Մարտիրոսյան, Մենուա Մկրտչյան, Հասմիկ Սամսոնյան, Հովիկ Հակոբյան, Սուրեն Ջանոյան։ Ինքնաբացարկի դիմումները քննարկելու եւ որոշում կայացնելու նպատակով ընտրական հանձնաժողովը նիստ էր հրավիրել։ Նիստին մասնակցում էր հանձնաժողովի 7 անդամից 6-ը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դիմումները ներկայացվել էին նոտարական վավերացմամբ, դիմումատուները նիստին ներկա չէին: Նրանցից ոչ մեկը գործող ավագանու անդամ չէր:
«Եթե ձեռագիր լիներ կամ առանց վավերացման, ապա անպայման նրանք պետք է ներկա լինեին եւ հավաստեին իրենց ինքնաբացարկը։ Վերջիններս ինքնաբացարկի պատճառ չեն նշել»,-լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ՝ Էմմա Հովհաննիսյանը, որը չունի ավագանու մանդատ։ Նա ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել հանձնաժողովին, երկրում չէ։
«Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս եկողների ցանկում է նաև տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը։