top of page

«Քրիստոսը շրջում էր մարդկանց մեջ ու քարոզում. այսօրվա լեզվով՝ դարձել էր «հանրային գործիչ»». Ռուբեն Մելիքյան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 6, 2024
  • 1 min read
ree

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քրիստոնեությունը սիրո ու ազատության մասին է։ Բայց «սեր և ազատություն» քարոզող ամեն ինչ չէ, որ կապ ունի Քրիստոսի հետ. հիպպիներն էլ էին սեր ու ազատություն քարոզում։


Քրիստոնեությունը մարմնականի հանդեպ հոգևորի գերակայության մասին է։ Բայց հոգևորի գերակայություն հռչակող ամեն ինչ չէ, որ քրիստոնեական է. հիշե՛ք «բախտ բացողներին», «հոգի կանչողներին», գուշակներին ու նրանց նմաններին։


Քրիստոնեությունը շնորհ աղերսելու մասին է։ Բայց բոլոր շնորհ աղերսողները չէ, որ իրավունք ունեն «քրիստոնյա» կոչվել. «հայ մտավորական» կոչեցյալները՝ ձեզ օրինակ։


Վերջապես, Քրիստոնեությունը անձնազոհության մասին է, և ես չգիտեմ ոչ մի օրինակ, երբ որևի մեկի անձնազոհ արարքը քրիստոնեական նշույլ իր մեջ չպարունակեր։


Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է ոչ միայն Քրիստոսի ծնունդը, այլ նաև Հայտնությունը։ Մենք հավատում ենք, որ երեսունամյա Քրիստոս իր հանրային ծառայությունը սկսեց նույնպես այս օրը՝ հունվարի 6-ին, Հովհաննես Կարապետից մկրտություն ստանալով։


Շուրջ 1200 օր Քրիստոս շրջում էր մարդկանց մեջ ու քարոզում։ Այսօրվա լեզվով ասած՝ նա դարձել էր «հանրային գործիչ»։


Շատերը նրան միացան, բայց երբ եկավ փորձության պահը, կողքին կանգնելու պահը, բոլորը լքեցին նրան։ Նույնիսկ ամենահավատարիմ աշակերտը լքեց։ Իսկ Քրիստոսն անգամ այդ պայմաններում հավատարիմ մնաց անձնազոհության իր առաքելությանը ու գնաց մինչև վերջ՝ անձնազոհություն, որի ուղին սկսեց Հայտնությամբ։


Քրիստոս ծնավ ու հայտնեցավ։ Օրհնյա՛լ է հայտնությունը Քրիստոսի»։

1/2407
bottom of page