Ապրիլի 29-ին տեղի ունեցած պայթյունը եղել է գազալցակայանին մատակարարվող գազի խողովակաշարում. ի՞նչ է հայտնի
- Elen Hovsepyan
- 6 hours ago
- 2 min read
Ապրիլի 29-ին Ներքին գործերի նախարարությունը «Լուրերին» հաղորդել էր, որ Երևան-Սևան 3-րդ կմ գործող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Վնասվել են 2 արևային պանելներ, 3 ավտոմեքենա, տուժածներ չկան։
«Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու, թե արդյոք Տեսչական մարմինը մինչ այդ գազալցակայանում իրականացրել էր ստուգումներ և հնարավոր խախտումներ հայտնաբերել։
Նախ, Տեսչական մարմնից «Հետք»-ին հաղորդել են, որ պայթյունը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան-Երևան մայրուղու 1-ին կմ հասցեում՝ «Քյավառ-Նաիրի» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանի տարածքում՝ լցակայանին մատակարարվող գազի խողովակաշարում։ Պայթել է հաշվիչ հանգույցից դուրս եկող գազատարը՝ ճնշակայան մտնելու հատվածից 20-30 մ հեռավորության վրա։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ «Քյավառ-Նաիրի» ՍՊ ընկերությունում 2024 թվականի նոյեմբերի 11-13-ին Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց հիմքով իրականացվել է վարչական վարույթ։
«Տնտեսվարողին տրվել է կարգադրագիր արձանագրված թերությունները վերացնելու համար, որի վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի սեպտեմբերի 25-ը»,- հայտնել են ՔՏՀԱ տեսչական մարմնից։
ՔՏՀԱ տեսչական մարմին նոյեմբերին իրականացված ստուգմամբ արձանագրել է, որ գազալցակայանի տարածքով օդային էլեկտրահաղորդակցման գծեր են անցնում, որոնք պետք է ապամոնտաժել, ապամոնտաժման կարիք ունեն նաև էլեկտրական սարքավորումները, որոնք պետք է շահագործել էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոններին համապատասխան։ Բացի այդ, Տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ գազալցակայանի տարածքում առկա շինություններում բացակայել է հրդեհի ազդարարման ինքնիշխատ համակարգը, չեն եղել նաև գազալցակայանի արտաքին հրդեհաշիջման համար համապատասխան տարողություններ։
Տեսչական մարմնից հայտնել են նաև, որ արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակայանը գրանցված է ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և 2024թ. հոկտեմբերի 25-ին անցել է ամենամյա տեխնիկական փորձաքննություն։
Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ այս դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել, քանի որ նյութական վնասի չափը հանցակազմ չի պարունակել։
Ո՞ւմ է պատկանում գազալցակայանը
Գազալցակայանը շահագործում է «Քյավառ-Նաիրի» ՍՊ ընկերությունը։
Գազալցակայանի միակ սեփակատերը Սևան համայնքի բնակիչ Աշոտ Ալավերդյանն է, ով 100% փայատեր է դարձել 2017 թվականին։
Ընկերությունը գրանցված է գազալցակայանի հասցեում՝ Սևան-Երևան մայրուղու 1-ին կմ-ում: 1995-2000 թվականներին այն կրել է «Նաիրի» անունը, հետագայում վերանվանվել է «Քյավառ-Նաիրի»:
Աշոտ Ավալերդյանը, բացի նշված ընկերությունից 51% բաժնեմաս ունի նաև Սևան համայնքի Լճաշեն գյուղում գրանցված «Ճան Շին» ՍՊԸ-ում, որի 49% սեփականատեր է նրա եղբայրը՝ Արմեն Ալավերդյանը, 50%՝ նույն համայնքի Վարսեր գյուղում գրանցված «Բայազեթ» ՍՊԸ-ում, նաև անհատ ձեռնարկատեր է։
Պայթյունի 3 դեպք՝ վերջին մեկ տարում
Վերջին մեկ տարվա ընթացքում սա 3-րդ դեպքն է, երբ պայթյուն է տեղի ունենում լցակայանում (վերջինը տեղի է ունեցել լցակայանին մատակարարվող գազի խողովակաշարում)։
2024թ. հունիսի 6-ի գիշերը Երեւան-Սևան մայրուղու վրա գտնվող «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող լցակայանում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով 1 մարդ զոհվեց, 6-ը՝ վիրավորվեցին։ Դրանից ամիսներ առաջ ՔՏՀԱ տեսչական մարմինը լցակայանում տեխնիկական անվտանգության լուրջ խնդիրներ էր հայտնաբերել։ Պայթած գազալցակայանը պետք է նոր փորձաքննություն անցներ, իսկ բենզալցակայանը կապարակնքված էր։
Այս տարվա մարտի 4-ին էլ Արարատի մարզի Այգավան գյուղում պայթած լցակայանում ՔՏՀԱ տեսչական մարմինը նույնպես բազմաթիվ խախտումներ էր արձանագրել: Ըստ տեսչական մարմնի՝ գազալցակայանը շահագործվելու իրավունք չի ունեցել, իսկ բենզալցակայանի գործունեությունն օրինական էր: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր 4 մարդ, նրանցից մեկն օրեր անց հիվանդանոցում մահացավ։