top of page

ՓԱԿՎԱԾ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԿԲԱՑՎԵՆ` ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԸ «ՄՈՒԾՎԵԼ ԵՆ»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 5 hours ago
  • 2 min read

Յուվեցի Կարոյի որդու՝ Վիլեն Կարապետյանի և ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի ու մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների քննությունը շարունակվում է։ Այսօր հայտնի դարձավ, որ նախաքննության ընթացքում մեղադրյալները պետական բյուջե են վերականգնել ընդհանուր 1 միլիարդ 600 հազար ՀՀ դրամ գումար: 



Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝ գումարը պետբյուջե վճարելուց հետո փակված գազալցկայանները բացվելո՞ւ են, մեզ պատասխանեցին՝ գազալցակայանները թույլատրել են բացել և աշխատեցնել։ 


Հիշեցնենք` ընդհանուր թվով 36 ԱԳԼՃԿ-ներ էին փակվել հիմնականում` Արարատի եւ Արմավիրի մարզերում գտնվող։ Սեփականատերեր Կարապետյանն ու Գևորգյանը դեռեւս հետախուզման մեջ են։ Նրանց նկատմամբ կալանավորման որոշումներ կան, որոնք չեն կատարվել, քանի որ նրանք փախուստի են դիմել: Եւ արտերկրից էլ վճարել են նշված 1 միլիարդ 600 հազար դրամ գումարը։ Մինչդեռ իրավապահնները խոսում էին յուրաքանչյուրի կողմից 2 միլիարդ դրամ հարկերից խուսափելու մասին։ 


Նշենք, որ քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և 5 անձի նկատմամբ՝ 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը): 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը և գրավը: 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում: Նրանց մեջ են Նահապետ Գևորգյանը՝ որդիների հետ, Վիլեն Կարապետյանը։ 


Մեկ ամիս առաջ «Հրապարակ»-ը հարցազրույց էր արել Վիլեն Կարապետյանի աներոջ՝ Էրեբունու նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանի հետ՝ այս քրգործի թեմայով։ Նա այդ մասին ասել էր․ «Դա պարզ տեռոր է բիզնեսի նկատմամբ։ Իմ փեսան ունի բավականին շատ աշխատողներ, բավականին շատ հարկեր է վճարում պետությանը, բավականին շատ տնտեսական ներդրումներ է արել ՀՀ-ում։ Այսօր դա քաղաքական, կներեք, քաղաքական չէ, այլ տնտեսական տեռոր է բիզնեսի նկատմամբ` բիզնեսը ոչնչացնելու, ինչպես որ մնացած ինստիտուտներն են ոչնչացվում, այդպես էլ բիզնեսը ոչնչացնելու նպատակ է հետապնդում։ Դա արվում է իշխանությունների կողմից։ Ո՞վ է իրացնում այդպիսի գործողությունները՝ պետական մարմինները․․․»։





bottom of page