Նոր Նորքի թաղապետարանում փորվեց Արամ Սարգսյանի քաղաքական գերեզմանը
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 2 min read
Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքից պարզ դարձավ, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնանկ չի արվելու։
Ավինյանը խիստ, բայց բարի ուսուցչի տոնով խրատեց թաղապետին, նա էլ մեղքը ձևականորեն ընդունած աշակերտի պես զղջաց ու այդքանով թատրոնն ավարտվեց։Շատերը կարծում են, որ թաղապետին պաշտոնանկ չանելու պատճառը «Հանրապետություն» կուսակցության շանտաժն էր Նիկոլ Փաշինյանին, որ եթե Նոր Նորքի թաղապետը հեռացվի, ապա իրենք վայր կդնեն մանդատները ու կպարալիզացնեն Երևանի քաղաքապետարանի աշխատանքները, այլ խոսքով, Երևանում ՔՊ-ին կզրկեն իշխանությունից։Գուցե այս հանգամանքը որոշակի ազդեցություն ունեցել է, բայց Նիկոլ Փաշինյանն անշուշտ կօգտվի իրավիճակից ու կփորձի այն ծառայեցնել իրեն։
Առաջին հայացքից Արամ Սարգսյանը ներկա պահին թվում է «ուժեղ» տղա, որը կարողացավ հաղթած դուրս գալ այս խայտառակ միջադեպից։ Համագյուղացիների աչքին թվալու է մի դեմք, որը կարողանում է իր պայմանները թելադրել երկրի վարչապետին, բայց իրականում նրա այս հաղթանակը սահմանափակվելու է միայն իրենց գյուղի շրջանակներում ու «գեղի հերոսի» տիտղոսով։
Սակայն այս թվացյալ «հաղթանակով» նա իրեն ստրկաբար կապեց Նիկոլ Փաշինյանին։ Տիգրան Տեր-Մարգարյանի դեմ հարուցված գործը կսառեցվի ու կդրվի համապատասխան դարակում, որպես դամոկլյան սուր, որը ցանկացած պահի կիջեցնեն Արամ Սարգսյանի վզին, այո՛, հենց Արամ Սարգսյանի, քանի որ Նոր Նորքի թաղապետը երբեք քաղաքական ֆիգուր չի եղել ու չի էլ լինի։
Այս պատմությունը ժամանակի ընթացքում շատերը մոռանալու են, բացի Նիկոլ Փաշինյանից, ու Արամ Սարգսյանի կողմից ցանկացած ընդվզման դեպքում, այն ջրի երես է դուրս գալու «նոր հանգամանքների» բացահայտմամբ։
Արամ Սարգսյանն առաջինը չէ, որ քրեական գործերի թելերով իրեն ամուր կապում է իշխանություններին։
Սա գուցե ոչ այնքան ազնիվ, բայց օրինաչափ երևույթ է, երբ քաղաքականապես ոչ հասուն մարդիկ հանգամանքների բերումով հայտնվում են քաղաքական թատերաբերում, բայց ժամանակի ընթացքում այդպես էլ ձեռք չեն բերում քաղաքական մտածելակերպ ու հասունություն, սակայն օժտվում են անհարկի մեծամտությամբ։
Վանո Սիրադեղյանը հայտնի պատմվածք ունի. «Ափսոս էր երեխան»։ Երևի տեղին կլինի ասելը, որ «Ափսոս էր Արամը», որովհետև թվացյալ «լավ տղա» խաղալով, ինքն իր ձեռքով իրեն դրեց Նիկոլ Փաշինյանի ափի մեջ։ Զուգահեռաբար փորեց իր քաղաքական գերեզմանը, քանի որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո, նա չի կարող իր վրայից մաքրել այս կեղտոտ պատմության ամբողջ խայտառակությունը։
Կարեն Կարապետյան