top of page

ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ՛Ր, Ո՛Չ ՀԱՐԳԱՐԺԱՆ ԵՒ Ո՛Չ ՄԵԾԱՐԳՈ ՎԱՐՉԱՊԵՏ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 30
  • 2 min read


Աչքիս ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ուղեղի գորշ նյութում: Պատերազմի խայտառակ պարտությունից հետո այդ պարտությամբ հպարտացող անձն անընդհատ խոսում էր, որ պետության զինված ուժերն անվտանգության ապահովման առումով վեցերորդական, տասներորդական նշանակություն ունեն: Ու ամենից կարևորը երբեմնի թշնամու հետ նախաստորագրված խաղաղության պայմանագիրն է: Եվ, ընդհանրապես, արտաքին աշխարհի հետ հարաբերության բանալին համեստությունն է: Դրա մասին բազմաթիվ անգամ է գրվել, ու բազմաթիվ անգամ այն քննադատվել է: Նաև տողերիս հեղինակի կողմից: Բայց հայոց բանակի օրվա (դժվարանում եմ այն որպես տոն բնորոշելը, քանի որ դա այդպես էր մինչև ժողովրդի ուսերի վրայով իշխանության եկած այդ անձի հրամանատարությամբ խայտառակ պարտությունը) կապակցությամբ փոխվել է խոսույթը: Չգիտես ինչու և ինչպես:



Այդ անձն ասում է, որ երկիրը խոցելի և ագրեսիայի համար գայթակղիչ է լինում ուժեղ բանակ չունենալու պարագայում: Չնայած միաժամանակ չի մոռանում հին հեքիաթը, թե Հայաստանը պատերազմի չի պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու: Ընդունեք, որ միաժամանակ բարձրաձայնված այդ երկու պնդումները հակասում են միմյանց: Որովհետև եթե որևէ երկիր չի չի պատրաստվում պատերազմի, ապա դա նշանակում է, որ այդ պետությունը չի ուժեղացնում իր զինված ուժերը: Քանի որ դրանք տրամաբանորեն շաղկապված են միմյանց: Միաժամանակ, եթե ինքը բացարձակ վստահ է, որ պատերազմ չի լինելու, ապա դա էլ, իր հերթին, նշանակում է, որ ուժեղ բանակի բացակայությունը գայթակղիչ լինել չի կարող որևէ երկրի համար, որպեսզի վերջինս հարձակվի: Առաջին պնդումի առաջին և երկրորդ բաղադրիչները հավասարազոր են իրար: Նույնն էլ ճշմարիտ է երկրորդ պնդման համար: Բայց ամբողջության մեջ այդ պնդումներըէ առաջին զույգը երկրորդ զույգին, 180 աստիճանով հակասում են միմյանց: 


Ասեմ, որ նման բան առկա չէր մինչև 44-օրյա պատերազմի սկիզբը: Մինչ այդ ինքը «դուխով» Նիկոլ էր, իսկ Ադրբեջանի նախագահն էլ ընդամենը «կիրթ ու կառուցողական գործընկեր»: Ու ինքն էլ դիֆերամբներ էր կարդում հայոց բանակի հասցեին: Հիշենք Տավուշի դիրքային մարտերից հետո 72 զինծառայողի պարգևատրումն առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, իսկ հետախույզ կապիտանին Ազգային հերոսի կոչում շնորհելը: Այդ մտայնության բարձրագույն կետն էլ նրա «Ինչ էլ մեզ պատահի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչելու» հանրահայտ հայտարարությունն էր: Իսկ պատերազմի ընթացքում էլ սոցցանցային հարթակը «հաղթելու ենք» հեշթեգով լցնելը:

Ամեն ինչ փոխվեց պատերազմի խայտառակ պարտությունից հետո: Ինքը, ինչպես հիշատակվեց, որոշեց, որ պետք է հպարտանա պարտությամբ: Ու թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ համարյա թե ծնկաչոք խաղաղություն մուրա: Ինչի տրամաբանական ավարտն էլ պետք է լիներ զինված ուժերի կարևորության նվազեցումը: Ինչին էլ մեր այս օրերին հասավ պաշտպանությանը հատկացված միջոցները նվազեցնելով ու զորակոչային ծառայության ժամկետր մեկ քառորդով կրճատելով: Ինչպես նաև Բանակի օրվանը նախորդ օրը պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակի օր սահմանելով: Որով կրկին նվազեցվում է բանակի օրվա կարևորությունը: Ու այդ ամենից հետո, չգիտես ինչ տրամաբանությամբ, հայտարարում է, որ երկիրը խոցելի և ագրեսիայի համար գայթակղիչ է լինում ուժեղ բանակ չունենալու պարագայում: Այստեղ են ասել՝ կողմնորոշվի՛ր, ո՛չ հարգարժան և ո՛չ մեծարգո վարչապետ: Անվտանգության առումով բանակի դերը երկրոդական-տասներորդակա՞ն է, թե՞ այն  չեզոքացնում է երկիրը խոցելի և ագրեսիայի համար գայթակղիչ դառնալու հանգամանքը:



 
 
1/2572
bottom of page