Երբեք չի մոռացվելու Եռաբլուրում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը, հենց այդ խայտառակությունն է բնութագրում այս իշխանության էությունն ու վերաբերմունքը հայրենիքի պաշտպանին
- Elen Hovsepyan

- Jan 27
- 1 min read

«Երբեք չի մոռացվելու ժողովրդի սրբավայր Եռաբլուրում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը, որովհետև հենց այդ խայտառակությունն ու խարանն են բնութագրում այս իշխանության էությունն ու վերաբերմունքը հայրենիքի պաշտպանին և նրա առաքելությանը»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ 2022 թվականին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը Եռաբլուր չայցելեց, 2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին Եռաբլուր չայցելեց, 2020 թվականի պատերազմի հետևանքով հազարավոր մարդիկ նահատակվեցին, 2022 թվականի ագրեսիայից հետո՝ ևս մի քանի հարյուր մարդ զոհվեց, սակայն, իշխանությունն այդ օրերին, թեման մոռացության մատնեց և շրջանցեց:
«Փառք հայրենիքի պաշտպաններին։
Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին»։
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր առաջին անգամ նշվում է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակներ են ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը:




















