«Ոչ մի արատավոր արարք թույլ չեմ տվել»․ Մեսրոպ Մանուկյանն իրեն մեղավոր չի ճանաչում
- Elen Hovsepyan
- 6 hours ago
- 1 min read
Քննչական կոմիտեն այսօր հայտնել էր, որ երեկ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։
Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։
Հիշեցնենք, որ Նոր Նորքի թաղապետարանում ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ անձամբ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի ու թաղապետարանի աշխատակիցների կողմից բռնություն կիրառելուց առաջ՝ նախորդ օրը, Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը բարձրաձայնել էին Տեր-Մարգարյանի կողմից կոռուպցիայի մասին։ Դրանից հետո ակտիվիստը բռնության էր ենթարկվել, տեղափոխվել հիվանդանոց, ավելի ուշ, սակայն, նրան էլ էին մեղադրանք առաջադրել այնպես, ինչպես ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։
Մանուկյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ Քնննչական մարմինը հարուցված գործով իրեն որպես մեղադրյալ է ներգրավել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում։
«Ես զղջալու առիթ չունեմ, որովհետև ոչ մի արատավոր արարք թույլ չեմ տվել»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Նա անդրադարձավ նաև «Հանրապետություն» կուսակցության դիրքորոշմանը (թաղապետ Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցությունից է-խմբ․)։
««Հանրապետություն» կուսակցությունը ցույց տվեց, թե դեպի Եվրոպա գնալու մղումների մեջ որքան են իրենք անկեղծ, ցույց տվեց, որ եվրոպական արժեքներն իր համար զրո են»,- ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։
Նաև շեշտեց՝ ինքն ու ակտիվիստ Արթուր Չախոյանը թաղապետարանում տեղի ունեցածից առաջ կոռուպցիայի մասին են բարձրաձայնել, այդ պատճառով է այս ամբողջ աղմուկը բարձրացել։