ՆԻԿՈԼԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ ՈՉ ԹԵ ԱՐԱԾՆԵՐԻ, ԱՅԼ ՉԱՐԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Elen Hovsepyan

- Jan 29
- 2 min read

Երբ լսում ես Նիկոլի եւ նիկոլականների խոսույթում առկա այդքան շատ ադրբեջանականությունն ու թրքասիրությունը, ակամայից մտածում ես, որ սրանք Հայաստանի խնդիրներից ավելի շատ Արեւմտյան Ադրբեջան կառուցելու մասին են մտածում: Այնինչ, ինչպես Նիկոլի ու նիկոլականների, այնպես էլ այսօրվա հայկական իրականության խնդիրները ոչ թե Արեւմտյան Ադրբեջան կառուցելու թուրք-ադրբեջանական տանդեմի վճռականությունից, այլ սեփական խնդիրները հասկանալու մեր անկարողությունից են գալիս: Հայաստանի այսօրվա խնդիրները ո՛չ Ադրբեջանից հնչող սպառնալիքները եւ ո՛չ էլ Թուրքիայից եկող ճնշումներն են: Դրանք Նիկոլին ու նիկոլականներին իշխանությունից հեռացնել չկարողանալուց ու այլեւս երբեք Հայաստանն Արեւմտյան Ադրբեջանի հետ շփոթող իշխանություն թույլ տալ չկարողանալուց են գալիս:
Այո, առաջնային խնդիրը Նիկոլին ու նիկոլականներին իշխանությունից հեռացնելն է, սակայն կարեւոր է նրանք իշխանությունից պետք է հեռացվեն ոչ թե այն պատճառով, թե ինչն են արդեն արել, այլ՝ այն, թե ինչն այսօր պետք է անեն, բայց չեն անում: Իշխանությունից պետք է հեռացվեն՝ սահմաններում Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում խաղաղություն, իսկ երկրի ներսում համերաշխություն ու հանդուրժողականություն չհաստատելու համար: Պետք է հեռացվեն՝ երկրի տնտեսությունը չարդյունաբերականացնելու, գյուղատնտեսությունը ժամանակակից գյուղատնտեսություն չդարձնելու, տեխնոլոգիականացված ռազմարդյունաբերություն չհիմնելու, բանակը երկրին սպառնացող մարտահրավերներին համապատասխան չսպառազինելու ու չբարեփոխելու համար:
Նրանք պետք է հեռացվեն նաեւ երկրի արտաքին քաղաքականությունը չդիվերսիֆիկացնելու, ավելի ճիշտ՝ դիվերսիֆիկացման անվան տակ այն ճամբարափոխության մասին ու ճամբարափոխության համար քաղաքականություն դարձնելու համար: Նիկոլն ու նիկոլականներն իշխանությունից պետք է հեռացվեն ոչ միայն այն պատճառով, որ այսօր չեն անում այն, ինչը պետք է անեն, այլեւ՝ այն, որ այսօր անում են այն, ինչը որ չպետք է անեն:
Նրանք պետք է հեռացվեն, որովհետեւ Եկեղեցու վրա չպիտի հարձակվեն, բայց հարձակվում են: Պետք է հեռացվեն, որովհետեւ դեմոգրաֆիական խնդիրներ ունեցող երկրում նորածիններին միանվագ տրվող օգնությունը չպիտի նվազեցնեն, բայց նվազեցնում են: Պետք է հեռացվեն, որովհետեւ թոշակն ու նվազագույն աշխատավարձն առանց բարձրացնելու իրենց պարգեւավճար չպետք է բաժանեն, բայց բաժանում են: Պետք է հեռացվեն, որովհետեւ չպետք է անարդյունավետ ու չհիմնավորված վարկերով երկրի վարկային պորտֆելը մեծացնեն, բայց մեծացնում են:
Պետք է հեռացվեն, որովհետեւ ջրամբարաշինության ծրագիրը չպետք է ձախողեն, բայց ձախողել են: Պետք է հեռացվեն, որովհետեւ երկրի բնական պաշարների ճիշտ կառավարմանը չպիտի մատների արանքով նայեն, բայց նայում են:
Այսպես կարող ենք երկար շարունակել, սակայն եկեք սահմանափակվենք այսքանով: Ուղղակի արձանագրենք, որ նրանք պետք է հեռանան ոչ միայն այն պատճառով, որ նրանց գալն է սխալ եղել, այլեւ՝ այն, որ նրանց մնալը գալուց ավելի սխալ կլինի:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ




















