Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել ռուսական ազդեցությունը երկրում և այն փոխարինել մեկ ուրիշով։ Սեպտեմբերի 22-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ խոսքն այստեղ միայն հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումն այլ երկրի հանձնելու մասին չէ։
«Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել ռուսական ազդեցությունը Հայաստանում՝ այն փոխարինելով մեկ ուրիշով։ Խոսքը միայն երկաթուղու մասին չէ, այլև ռուսական 102-րդ ռազմաբազայի։ Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ երկիրը ներքաշում են մի նոր արկածախնդրության մեջ, ինչը կհանգեցնի տնտեսական ծանր հետևանքների և անվտանգային լուրջ խնդիրների»,— նշել է Սաղաթելյանը։
Նրա կարծիքով՝ տեղի ունեցողը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։
Պատգամավորը պատահական չհամարեց երկաթուղու կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու մասին խոսակցությունները։
«Ակնհայտ է մի բան․ արվելու է ամեն ինչ, որպեսզի կառավարումն ի վերջո հանձնվի։ Սա էլ իր հերթին որոշակի հետևանքներ է ունենալու»,— եզրափակեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։




















