top of page

Վեց տարի տևած սիրո պատմությունն ավարտվեց․ Սոֆի Լորենի որդին բաժանվել է վրացի գեղեցկուհի Մարիամ Շարմանաշվիլիից

6 minutes ago
2 min read

Վրացի ֆիթնես-մարզիչ Մարիամ Շարմանաշվիլին հայտնել է դիրիժոր Կառլո Պոնտիի՝ լեգենդար իտալացի դերասանուհի Սոֆի Լորենի որդու հետ ամուսնության ավարտի մասին։ Անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխության մասին նա հայտնել է սոցիալական ցանցերի իր հետևորդներին՝ միաժամանակ խնդրելով չսպասել մանրամասների և բացատրությունների։

«Ես ինքս էլ չեմ կարողանում հավատալ, որ գրում եմ այս մասին, սակայն, քանի որ մեր սիրո պատմությունը բազմաթիվ երկրպագուներ ուներ, ճիշտ եմ համարում ձեզ անտեղյակ չթողնել և հաստատել, որ իմ ամուսնությունն ավարտվել է»,- գրել է Մարիամը։


Նա ընդգծել է, որ մտադիր չէ հրապարակել բաժանման պատճառները կամ հանրայնորեն քննարկել իրենց հարաբերությունների մանրամասները։ Նրա խոսքով՝ միասին անցկացրած վեց տարիների ընթացքում ինքը իսկապես երջանիկ է եղել, իսկ տեղի ունեցածը վերաբերում է միայն իրենց երկուսին։ Ինչպես խոստովանել է Շարմանաշվիլին, այդ որոշումը հեշտությամբ չի կայացվել․ այն երկար մտորումների արդյունք է եղել և ոչ թե պահի ազդեցությամբ ընդունված որոշում։

«Թեև ցավն անտանելի է, ես ստիպված էի այս քայլին դիմել՝ հանուն երկուսիս երջանկության։ Ես շնորհակալ եմ Կառլոյին՝ միասին անցկացրած յուրաքանչյուր երջանիկ պահի և յուրաքանչյուր օրվա համար։ Նա ինձ պարգևել է իմ կյանքի ամենագեղեցիկ տարիները։ Ամբողջ սրտով նրան երջանկություն եմ մաղթում և մինչև կյանքիս վերջ կմնամ նրա երկրպագուն»,- կիսվել է նա։

Իր խոսքն ավարտելիս Մարիամն ավելացրել է մի արտահայտություն՝ նրա հուզիչ գրառման եզրափակիչ միտքը․ «Երբեմն բաց թողնելը սիրո ամենաիսկական դրսևորումն է»։

Զույգի հարաբերությունները մեկ անգամ չէ, որ հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։ Մարիամի և Կառլոյի տարիքային տարբերությունը 22 տարի էր, իսկ դիրիժորի մասնագիտական գործունեության պատճառով ամուսինները հաճախ ստիպված էին լինում ապրել տարբեր երկրներում։

Ավելի վաղ Շարմանաշվիլին պատմել էր, որ ամուսնու համերգային շրջագայությունների հագեցած գրաֆիկը չի խանգարում իրենց մտերմությանը․ նրանք ամեն օր շփվում էին և, նրա խոսքով, նույնիսկ կարողանում էին հեռավորության մեջ դրական կողմեր գտնել։

Այժմ Մարիամը հաստատել է, որ իրենց սիրո պատմությունն ավարտվել է։ Միևնույն ժամանակ նա մտադիր չէ խոսել այն մասին, թե հատկապես ինչն է հանգեցրել բաժանմանը։


 
 
1/3023
bottom of page