Եթե Վեհափառը տուրք տա որոշ սրբազանների պահանջին, ապա իր ձեռքով կմոտեցնի գահակալության ավարտը. նրա շուրջ օղակը սեղմվում է
- Elen Hovsepyan

- 1 day ago
- 3 min read

Օրերս մի քանի սրբազաններ դիմել են Վեհափառին, որպեսզի վերջինս ժամանակավոր կասեցնի Արշակ սրբազանի բոլոր պաշտոնները Մայր Աթոռում ու եկեղեցական ծառայությունը։ Եթե Վեհափառը տուրք տա այդ առաջարկին, ապա դրանով ևս մեկ քայլով կմոտեցնի իր գահակալության ավարտը։ Ու հարցն այստեղ բնավ Արշակ սրբազանի անձը չէ, այլ այն օղակը, որը սեղմվում է Գարեգին Բ-ի շուրջը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ամբողջովին մեկուսացնելու ճանապարհը, ու թյուր է այն կարծիքը, որ նա այդ գործում հաջողություններ չունի։ Նման մոտեցումն ինքնախաբեություն է, իրականությունից խոսափելու ձգտում կամ հույս, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանին հարող հոգևորականների թիվը չնչին կլինի։
Նրանց թիվը փոքրաթիվ է այսօր, սակայն Փաշինյանին լուրջ հակազդեցության բացակայության դեպքում, այդ թիվն օր օրի ավելանալու է, իսկ փաստ է, որ հակազդեցություն դեռևս չկա։ Կա ծաղր Փաշինյանի հասցեին, հեգնանք, վիրավորանքներ ու…վերջ։ Իսկ արդյո՞ք այդքանը բավարար է նրա արշավը Եկեղեցու դեմ կասեցնելու համար, իհարկե՝ ոչ։ Երբ նա նոր էր սկսում իր պատարագների շարքը, դեռևս կար ընդամենը մի քահանա, նրան հաջորդեցին մյուսները, բայց այսօր քահանաներին են միանում նաև բարձրաստիճան հոգևորականներ։
Եթե հասարակությունը, որոնց մաս են կազմում նաև հոգևորականները, պայմանական բաժանենք նիկոլականների ու հականիկոլականների, ապա միանշանակ կարող ենք փաստել, որ այսօրվա դրությամբ արդեն առնվազն 8 սրբազաններ միացել են Նիկոլ Փաշինյանին։ Դրանք են՝ Տեր-Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, այսինքն նրանք, որոնք դիմել են Վեհափառին, Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հոգևոր ծառայությունը կասեցնելու կոչով։ Իրականում այս մարդիկ արդեն Նիկոլ Փաշինյանի նախնական հենարանն են Մայր Աթոռում։ Վեհափառին հասցեագրված դիմումի մեջ նշված պատճառաբանությունները՝ ժամանակավոր դադար, հավատացյալների շրջանում գայթակղություն, տարակուսանք և այլն և այլն, ընդամենը տափակաբանություններ են ու միջնադարյան պնդումներ, իրական գործընթացն ուղղված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելուն։ Նրանց թվին պետք է դասենք նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որն արդեն անթաքույց դիմավորում է Նիկոլ Փաշինյանին, սեղմում նրա ձեռքը, պատարագ մատուցում առանց հիշատակելու Վեհափառի անունը։
Թե ով ի՞նչ աստիճանի է մտերիմ եղել Վեհափառի հետ կամ ում համար ի՞նչ է արել Վահափառը, այդ բոլոր քննարկումները ժամանակի զուր վատնում են, քանի որ սովորաբար դավաճանները լինում են հենց մտերիմների շարքից, քանի որ օտարը չի կարող դավաճանել։ Օտարը կարող է հազար ու մի պատճառաբանություն բերել (ի դեպ դավաճան յուրայինը նույնպես), որ գործում են ի շահ Եկեղեցու միասնականության, սակայն լուռ կշրջանցեն այն փաստը, որ իրականում ծառայում են Նիկոլ Փաշինյանին, ընդ որում ոչ թե այն պատճառով, որ վերջինս ճիշտ է, այլ որովհետև համարում են, որ նա է ուժեղը ու նա է հաղթողը դուրս գալու այս պայքարում։
«Կնքահայրը» վեպում, երբ մահացավ դոն Կառլեոնեն, դոն Բարզինիի՝ նրանց գլխավոր թշնամու անունից Մայքլ Կառլեոնեյին հանդիպման հրավիրեց հենց Տեսիոն՝ Կառլեոնեների ընտանիքի ամենահավատարիմ մարդկանցից մեկը։ Իհարկե, պատճառաբանությունը արյունահեղություն թույլ չտալն էր, սակայն իրական շարժառիթն այն էր, որ Տեսիոն հենց Բարզինիին էր համարում ուժեղ կողմը ու պայքարի հաղթողը։ Ահա, Կառլեոնե ընտանիքի դավաճանը Տեսիոն էր, իսկ մեր պարագայում օր օրի հայտնվում են նոր տեսիոներ ու նրանց թիվն ավելանալու է։ Վերը նշված բարձրաստիճան հոգևորականներն ընդամենն առաջին ծիծեռնակներն են։
Այն սքեմը, որը նրանք հագնում են ու այն բառապաշարը, որը հանրային կյանքում նրանք օգտագործում են, այնուամենայնիվ, նրանց չի առանձնացնում սովորական մահկանացուներից։ Նրանք ընդամենը մարդիկ են՝ բոլորին բնորոշ թերություններով ու առավելություններով։ Եթե Վեհափառը չգործի, քանի դեռ ունի մեծաթիվ կողմնակիցներ, եթե հանրությունն ու քաղաքական ուժերը Փաշինյանին լուրջ չհակազդեն, ապա վաղ թե ուշ ցանկացած (համենայնդեպս մեծամասնությունը) եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս կգտնի Վեհափառից հեռանալու որևէ պատճառ, ու վերջինս կմնա մենակ։ Մեկը կհայտարարի, որ ինքը «քաղաքականությամբ չի զբաղվում», մեկը «երազ կտեսնի՝ իբր Աստված իրեն հորդորեց նեցուկ լինել իշխանությանը», մյուսը դողդոջուն ձայնով հանդես կգա «եկեղեցու միասնականության օգտին», չորրորդը կհիշի ինչ-որ տասնյակ տարիների վաղեմություն ունեցող տարաձայնություն Վեհափառի հետ, մի զառամյալ հոգևորական էլ կհայտարարի, որ ինքը չի հիշում դեպք, թե երբևէ խախտած լինի կուսակրոնության ուխտը։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանին կհաջողվի վերջնականապես փլուզել Հայ Առաքելական Եկեղեցին, որի հիմքերն արդեն խարխլել է։
Իհարկե, ասածից չի բխում, որ մենք այլև չենք ունենալու Եկեղեցի, իհարկե՝ ոչ, կունենանք նաև նոր Կաթողիկոս, սակայն ՔՊ-ական Հայաստանում հոգևորականները բառիս բուն իմաստով կվերածվեն միայն հարսանիքներ ու կնունքներ անողների և մեռել թաղողների, այլևս անկարող համախմբելու հայ ժողովրդին, դառնալու ազգային ու պետական հենասյուներից մեկը, դիմագրավելու թշնամու հարձակումներին։ Իսկ վերականգնման համար պետք կլինեն տասնյակ տարիներ, երբ այսօրվա դավադրությանը մասնակից բոլոր հոգևորականները վերածված լինեն ննջեցյալների։
Կարեն Կարապետյան




















