«ՀՐԱՊԱՐԱԿ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԻ ԿԱԶՄԵԼՈՒ ՑՈՒՑԱԿԸ, ԿԼԻՆԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՑՈՒՑԱԿԸ ԿԿԱԶՄՎԻ
- Elen Hovsepyan
- 17 hours ago
- 3 min read

Հարցազրույց ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Մարինա Ղազարյանի հետ
- Դուք Սյունիքի մարզից եք, սյունեցիները հավատո՞ւմ են, որ վաշինգտոնյան համաձայնագրով խաղաղություն եք բերել Հայաստանին, որ միջանցք չի լինելու, թե՞ շատերի պես իրենք էլ են կասկածում թղթի վրա խաղաղությանը, իսկ համաձայնագիրը ստորագրելուց հետո Ալիեւը պարբերաբար խոսում է միջանցքի մասին։
- Սյունիքում իսկապես ոգեւորված են այս համաձայնագրով, որովհետեւ օգոստոսի 8-ից հետո չկան կրակոցներ մարզում, այսինքն՝ այն պարտավորությունները, որոնք գրված են համաձայնագրի կետերում՝ ուժ չկիրառել, պահպանել սահմանային անվտանգությունը, դա կիրառվում է: Հուսով եմ՝ դա երկար կպահպանվի, ու կունենանք անվտանգ Սյունիք։ Դուք գիտեք, որ կան տարածքներ, որ գտնվում են հարեւան պետության ներքո, բայց դրանք էլ սահմանազատման արդյունքում կվերադարձվեն։ Իսկ Ալիեւը, համոզված եմ, ներքին լսարանի համար է խոսում: Քանի որ այստեղ ԱՄՆ-ն միջնորդ է, ես չեմ կարծում, որ Ալիեւն այդ ամենը լուրջ է ասում, ինքը ստորագրել է փաստաթուղթ, որտեղ գրված է՝ ինչ պետք է անի, ինչ` չէ։
- Եթե ներքին լսարանի համար է ասում, Փաշինյանն ինչո՞ւ էր վրդովվել նրա հայտարարություններից եւ ասաց, թե Ալիեւի բառապաշարը հակասում է համաձայնագրին։
- Դե, դա էլ եմ հասկանում, ժամանակ է պետք, որ Ալիեւը հասկանա, որ միջազգային պայմանագրերն ի կատար պետք է լինեն: Այո, նախաստորագրվել է, չի ստորագրվել վերջնական, բայց պրոցեսը գնում է։ Եթե հիշում եք` 21 թվականից ասում ենք՝ խաղաղություն ենք ուզում, դա չէր ուզում Ադրբեջանը, ամեն ինչ անում էր, որ սահմաններին բախումներ լինեն, մենք համառորեն պնդել ենք, ու հասել է մի պահ, որ Ալիեւը ստիպված է լինելու` թեկուզ միջազգային ճնշումների տակ իր երկրում համոզի, որ պետք է խաղաղություն։ Իր կուսակցությունն է ուզում պատերազմի միջոցով երկար մնա իշխանության, բայց այդ երկրում էլ են ուզում խաղաղություն։ Մեզ ասում են` ինչ ուզում են, տալիս եք, ինչո՞ւ չպիտի լինի խաղաղություն, բայց ես համոզված եմ, հավատում եմ, որ մեր իշխանությունն ամեն ինչ անում է, որ մեր տարածքները մնան մեր ներքո։ Այն, որ մի քանի տեղում իրենք գտնվում են մեր տարածքում, այդ տեղերից էլ են դուրս գալու, բայց ես չեմ ուզում պատերազմական իրավիճակ ստեղծել եւ իրենց հանել, մենք սահմանազատում կանենք, իրենք դուրս կգան, եւ վստահեցնում եմ, որ այս համաձայնագրով մեր պետությունը կշահի նաեւ տնտեսապես։
- Դուք կարծում եք, որ այդ համաձայնագիրն այսպես իդեալական ներկայացնելով կարող եք ժողովրդի վստահությունը շահե՞լ։
- Միանշանակ, դա այդպես է, որովհետեւ, կրկնում եմ՝ մարդիկ հավատում են, մոտենում են մեզ եւ շնորհակալություն հայտնում։ Սյունեցիները պայքարող ժողովուրդ են, իրենք չեն թողնի իրենց գյուղերը, ընդհուպ այն ժամանակ, երբ ադրբեջանցիները հարձակվում էին, կրակում Ներքին հանդում։ Երբ ես այդ ժամանակ այցելում էի, մարդիկ գալիս խնդրում էին՝ բերեք խաղաղությունը, ու այն, որ 21-ին եկանք իշխանության, փաստորեն, ժողովրդի վստահությունն էր, որ գնա ու պայմանագիր կնքի, եւ մենք գնում ենք։ Ու ես չեմ կասկածում, որ հաջորդ ընտրություններին էլ ենք մենք վերընտրվելու, չեմ ուզում շատ ինքնավստահ դիտվել, կարծում եմ, որ պետք է աշխատել, բայց ունեմ նման համոզում։ Կլինեն մարդիկ, որ մեզ չեն վստահի, որ չեն հավատում, բայց մեզ հավատացողները շատ են։
- Ի դեպ, ասում են` ՔՊ-ում արդեն նախընտրական աժիոտաժի մեջ են, ցուցակի համար թեժ մարտեր են մղվում, Դուք, ըստ Ձեզ, կլինե՞ք անցողիկ տեղերում, օրինակ, Փաշինյանը հիմա ո՞ր արժանիքներին է նախապատվություն տալու` ցուցակ գրելու ժամանակ։
- Ինքը միայնակ չի կազմելու ցուցակը, կլինի վարչություն, տարածքային խորհուրդներ, եւ ցուցակը կկազմվի։ Ես ողջունում եմ, որ երիտասարդներ են գալիս, մտնում ցուցակի մեջ, ես ցանկացած աշխատանք կկատարեմ, եթե գտնեն, որ պետք է լինեմ, կլինեմ, եթե` ոչ, ես չեմ ընկճվում, ճանապարհը կտամ երիտասարդներին, բայց ես միշտ կլինեմ թիմի հետ։ Այսօր մեր նկատմամբ վստահությունն ավելի մեծ է, քան պատերազմից հետո, հավատացեք, եւ ես կարծում եմ, որ հիմա ավելի բարձր տոկոսներ ենք ստանալու, քանի որ մեր ասածը, որ գնում ենք խաղաղության, գործնական քայլերով ցույց ենք տվել։
- Արցախի կորստի՞ գնով։
- Հայաստանի Հանրապետությունը չի մեղավոր, որ Արցախը չկա, սա շատ երկար թեմա է, ես էլ եմ ցավում, ես էլ 2018 թվականին վստահ էի, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, բայց հետո, երբ խորացել եմ այդ թեմայի մեջ․․․ ցավում եմ, որ Արցախը չկա, ես դպրոցում աշխատել եմ, եւ միշտ ինձ համար հարցական էր՝ ինչո՞ւ 1994 թվականին մենք չենք կնքել հաշտության պայմանագիր, ինչու չէ` պիտի կապիտուլյացիայի ենթարկեինք Ադրբեջանին։
- Եկեղեցու դեմ իշխանության արշավը ո՛չ առաջ է գնում, ո՛չ էլ դուրս է գալիս օրակարգից, Դուք ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում։
- Ես շատ կուզեմ, որ արշավն իր ավարտին հասնի, կարծում եմ, որ Եկեղեցին խելացի կգտնվի եւ ինքը կհանգուցալուծի, չի սպասի մեր միջամտությանը։ Եկեղեցին` որպես Եկեղեցի, ես շատ-շատ սիրում եմ, բայց անձնավորությունները չպետք է մտնեն քաղաքական դաշտ։ Սրբազանները չպետք է զբաղվեին քաղաքականությամբ, իրենք մտել են այդ դաշտը։ Ես եկեղեցի հիմա չեմ մտնում, չեմ կարողանում։ Հա, ես ուզում եմ մեր եկեղեցին մաքրվի այդպիսի անձերից։ Հա, Տաթեւ մտնում եմ, Կապան մտնում եմ, բայց չեմ գնում պատարագների։